Ցվիկաուի կիրառական գիտությունների համալսարանի դասախոս Ջեյնս Բաումին հյուրընկալվել է ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1678

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 26-ից 30-ը հյուրընկալել է Ցվիկաուի կիրառական գիտությունների համալսարանի (Գերմանիա) դասախոս Ջեյնս Բաումին: Վերջինս ՀՊՏՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար հանդես է եկել դասախոսություններով՝ ներկայացնելով «Ապրանքները, գործընթացները և դրանց փոխկապակցությունը» թեման:
Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ արտաքին կապերի մեր գործընկերները՝ ներկայացնելով մանրամասներ: Դասախոսություններն իրականացվել են մարքեթինգի և բիզնես կազմակերպման, կառավարման, ինչպես նաև ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետների ուսանողների համար: ՀՊՏՀ ուսանողներին հանգամանորեն ներկայացվել են ապրանքների տիպերը՝ ըստ դասակարգման, SWOT-վերլուծության մեթոդի առանձնահատկությունները, ինչպես նաև կազմակերպվել են խմբային քննարկումներ:
Նմանատիպ ծրագրերը ՀՊՏՀ ուսանողներին հնարավորություն են տալիս ծանոթանալու տարբեր երկրների կրթական համակարգերի առանձնահատկություններին, դասավանդման նոր մեթոդներին, ինչպես նաև կատարելագործելու իրենց մասնագիտական գիտելիքները:
Դասախոսություններից բացի տեղի են ունեցել նաև մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ բուհի կառավարման օղակի ներկայացուցիչների հետ: Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը Գերմանիայից ժամանած հյուրի հետ քննարկել է Ցվիկաուի կիրառական գիտությունների համալսարանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունը տեղեկատվական համակարգերի ոլորտում:
Ջեյնս Բաումը հանդիպել է նաև ՀՊՏՀ այն ուսանողներին, ովքեր պատրաստվում են ընթացիկ ուսումնական տարվա 2-րդ կիսամյակն անցկացնել Ցվիկաուի կիրառական գիտությունների համալսարանում՝ որպես «Էրազմուս +» փոխանակային ծրագրի ուսանողներ:
Հանդիպումների շարքը ավարտվել է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ քննարկումով, որի շրջանակներում Ջեյնս Բաումը կիսվել է իր տպավորություններով, շնորհակալություն հայտնել հյուրընկալության համար և արտահայտել իր համոզմունքը և պատրաստակամությունը՝ գործընկերային հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության ուղղությամբ: Կորյուն Աթոյանը ևս իր երախտագիտությունն է հայտնել հյուրին ՀՊՏՀ-ի հանդեպ դրսևորած հետաքրքրության և ակտիվ համագործակցության համար: Վերջում նրանք փոխանակվել են ազգային տարրեր պարունակող նվերներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին