«Մանոթ». ստարտափ, որը կպարզեցնի օդային պատկերների փոքր առարկաները

06.05.2022
Դիտումների քանակ՝ 1066

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ՀՀ ԲՏԱ նախարարության «Գաղափարից մինչև բիզնես» նորարարական բաղադրիչով շահառու հանդիսացող սկսնակ ընկերությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակներում սկսնակ բիզնեսի ներկայացուցիչներին զինում է անհրաժեշտ գիտելիքներով և գործնական հմտություններով, տրամադրում գործնական կապերն ընդլայնելու նպաստավոր պայմաններ՝ բիզնեսը զարգացնելու համար։ Աքսելերացիոն ծրագրի շահառուներն են տարբեր բնույթի 6 ստարտափներ։ Ծրագրի շրջանակում փետրվարի 22-ից ՀՊՏՀ Change Lab-ում մեկնարկել և շարունակվում է թեմատիկ դասընթացների, ինչպես նաև մենթորների հետ համագործակցության փուլը, որի ընթացքում մասնակիցներն արդեն ծանոթացել են ստարտափներում մտավոր սեփականության պաշտպանության խնդիրներին, ֆինանսավորման փուլերին և ներդրումային գործիքներին, ֆոնդահայթայթմանը, թվային մարքեթինգին և բրենդինգին։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինը ծրագրի մասնակից 6 ստարտափներին ներկայացնող հրապարակումների շարք է պատրաստում։ Մենք արդեն անդրադարձել ենք  Zleenk ստարտափին,  Gabby-ին, «Ռոբոդելին», իսկ այս հրապարակումը «Մանոթի» (manot) մասին է։

manot-ը փոքր օբյեկտների անոտացիոն գործիք է, որը թույլ է տալիս արագորեն պարզեցնել օդային պատկերներում (ԱԹՍ) պարունակվող փոքր առարկաների ծանոթագրությունը՝ չվնասելով բուն անոտացիայի ճշգրտությանը։ «Անոտացիայի ենթարկել նշանակում է՝ կա նկար, անհրաժեշտ է հետաքրքրող օբյեկտները ինչ-որ ձևով առանձնացնել։ Խնդիրն ավելի է դժվարանում, երբ գործ ունենք դրոնից ստացված տվյալների հետ: Դա նշանակում է, որ օբյեկտը շատ փոքր է երևալու, օրինակ՝ մեքենան, կենդանին, շենքը»,- մեկնաբանում է ընկերության տնօրեն և հիմնադիր Չինար Մովսիսյանը: Վերջինիս հետ մեր հարցազրույցը ներկայացնում ենք հաջորդիվ:

- Ինչպե՞ս ծնվեց «Մանոթի» ստեղծման գաղափարը։

- Ես ավարտել եմ ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ֆակուլտետը, մագիստրոսական առաջին կրթությունս ևս ստացել եմ այնտեղ՝ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» մասնագիտացմամբ։ Երկրորդ մագիստրոսական կրթությունն ստացա Ֆրանսիայում՝ Գրենոբլի համալսարանում։ Եվ այդ տարիների ընթացքում, ուսմանը զուգահեռ, երկրորդ կուրսից սկսել եմ զբաղվել արհեստական ինտելեկտով, դրա հավելվածներով՝ որտեղ կիրառել, ինչպես կիրառել… Սկսեցի դրանով և հենց առաջին աշխատավայրում, որը դրոնից ստացված տվյալների մշակմամբ զբաղվող հայկական ընկերություն էր, բախվեցի խնդիրների։ Անհրաժեշտ էր ստեղծել մի համակարգ, մոդել, որը հետո կինտեգրվեր դրոնի հետ կապված խնդիրներում։ Իսկ մինչ այդ համակարգը կառուցելը՝ մեզ շատ տվյալներ էին անհրաժեշտ, որոնք պետք էր վերլուծել, մաքրել, անոտացիաներ անել։ Այսինքն՝ «ձեռքով հասկանալ», թե նկարներում ինչ օբյեկտներ կան։ Դա բավականին ժամանակատար էր։ Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր արհեստական ինտելեկտի հետ կապված խնդիրների համար է այդ նախնական մշակումը պետք, բայց դրոնից, արբանյակից ստացված տվյալների համար ավելի դժվար է դառնում՝ ժամանակի, ճշգրտության և մի շարք այլ առումներով։ Եվ անընդհատ այդ խնդիրների միջով անցնելով՝ 2020 թվականի վերջերին, 2021-ի սկզբներին ընկերներիցս երկուսի հետ, որոնցից մեկը պատրաստվում էր ավարտել ԵՊՀ-ի մագիստրատուրան, մյուսը՝ Հայ-ռուսական համալսարանը, որոշեցինք իրենց մագիստրոսական թեզերի շրջանակում լուծել այդ խնդիրը։ Երեքս էլ դրան առնչվել էինք, հետազոտությունների արդյունքում բավականին շատ տվյալներ ու բազա ունեինք։ Առաջարկեցի միավորել առանձին տվյալները, փորձը, դարձնել պրոդուկտ, որից բոլորը կկարողանան օգտվել։ Իրենց սկզբնական նպատակը մագիստրատուրան ավարտելն էր։ Ընդհանրապես չէինք պատկերացնում՝ ինչ կստացվի։ Բայց ես շատ էի ցանկանում, որ դա պրոդուկտ դառնար, որպեսզի լուծվեր այն խնդիրը, որին մենք առնչվել էինք աշխատանքի ընթացքում։ Սկզբնական գաղափարը ծնվեց այդպես. կառուցվեց NVP-ն, ես սկսեցի այդ ընթացքում շուկայի հետազոտություն իրականացնել, հասկանալ՝ ինչ կա։ Այդ ժամանակ նաև Armenia Startup Academy-ի Pre-Accelerator ծրագրին մասնակցեցինք և հունիսին սկսեցինք հիմնական գործողությունը: Թիմին միացան ևս երկու հոգի՝ Աստղիկն ու Հովհաննեսը։ Նախնական փուլն անցնելուց հետո սկսեցինք խոսել պոտենցիալ հաճախորդների հետ։

-Ինչպե՞ս ընթացավ արհեստական բանականության և թիմի համագործակցությունը։

- Հեշտ չի ընթացել այն իմաստով, որ բոլորս տեխնոլոգներ ենք՝ Աստղիկը բիզնեսից է, Հովհաննեսը բավականաչափ տեղյակ է ստարտափների էկոհամակարգից։ Սկզբում դժվար էր, հիմա էլ է դժվար, բայց գիտական մասի հետ խնդիր չկա։ Հետազոտությունը, մեր ստացած արդյունքները գոհացնող էին, շուկայում՝ մրցունակ։ Հատկապես այս ոլորտում նման մասնագիտացված լուծումներ քիչ կան, և կարելի է նոր շուկա բացել։ Այս ամենը նոր է։ Եթե դիտարկենք արտադրական գործընթացները, ապա ավտոմատացումը նոր-նոր է թափ առնում։

- Ասացիք, որ հունիսից սկսել եք հաճախորդների հետ բանակցությունները։ Նրանք հավատո՞ւմ էին ձեր գաղափարի կայացմանը։ Հե՞շտ էր համոզելը։

- Չէ՜, դժվար էր, մինչև հիմա էլ դժվար է, բայց ժամանակի ընթացքում վերաբերմունքը փոխվում է։ Նրանք տեսնում են, որ մեր պրոդուկտի կարիքն իսկապես կա. արբանյակ արտադրող ընկերությունում մինչև օրս դա արել են անհարմար, թանկ ու ժամանակատար միջոցներով։ Հիմա նրանք տեսնում են մեր պրոդուկտի արդյունքները։ Վերջերս մի վաճառքի հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչներն ասացին, որ իրենց ինժեներները 7 ամիս էին ծախսել տվյալները մշակելու համար։ Դա ամենաակնհայտ ցավալի կետն էր, որ նրանք մատնանշում էին, ամենաանիմաստ ծախսը, որ կարելի է անել։ Եթե կա համակարգ, որի օգնությամբ այդ աշխատանքը կարելի է թեկուզ 7 անգամ կրճատել, դա հրաշալի արդյունք է։

- Այս ամենի համար ձեզ բավականաչափ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ։ Ինչպե՞ս եք կարողանում այդ հարցը լուծել։

- Կարելի է ասել, որ մեր հիմնական գործողություններն ընթացքի մեջ են արդեն 7 ամիս։ Այս ընթացքում 2 դրամաշնորհ ենք շահել, իսկ, ընդհանուր առմամբ, ֆինանսական միջոցների ներգրավումն ամենօրյա աշխատանք է, որը պահանջում է անընդհատ լավացնել խոսքը, փորձել համոզել, փորձել հասկացնել։ Այս պահի դրությամբ չունենք ինչ-որ մեծ պայմանագիր, որը տարեկան որոշակի եկամուտ կապահովի։

- «Մանոթ» անվանումն ի՞նչ ծագում և պատմություն ունի։

- Իրականում անվան ընտրությունը կապված է պաշտպանության հետ։ Գաղափարն էլ, ըստ էության, պատերազմից հետո է ծնվել։ Ի սկզբանե Military Anotation (Ռազմական անոտացիա) անվանումն էր, բայց, կարծես, այդքան էլ նպատակահարմար չէր պրոդուկտը ներկայացնել որպես ռազմական բնույթի։ Իհարկե, ռազմական ոլորտը ևս կարող է օգտվել սրանից, բայց կարիք չկար շեշտադրելու։ Որոշեցինք պարզապես միացնել M տառն ու Anot բառը, և ստացվեց «Մանոթ»։ Բայց Ֆրանսիայում Մանոթ անունով քարանձավ, քաղաք կա, և քանի որ սովորել եմ Ֆրանսիայում, մարդիկ կարծում էին, թե այնտեղից եմ «բերել» այս անունը։

- «Մանոթը», ըստ էության, շանսեր ունի միջազգային ճանաչման հասնելու և տարածվելու։ Այս առումով ի՞նչ ակնկալիք ունեք։

- Այս պահին մեր թիմակիցներից Աստղիկը Բեռլինում է ապրում։ Բիզնեսի զարգացման մասով նա աշխատում է Գերմանիայի և հարակից երկրների՝ եվրոպական շուկայի ուղղությամբ։ Հենց հիմա ուղղորդված աշխատում ենք մտնել ամերիկյան շուկա։

- Այս 7 ամիսների ընթացքում ձեր ճանապարհին ամենահաճախ հանդիպած խոչընդոտներն ու ռիսկերը որո՞նք են։

- Ամեն ինչ ռիսկ է, բարդ ու բազմապլան աշխատանք՝ վաճառքի զանգերից, ներդրողի հետ խոսելուց սկսած. ամեն խոսակցության ընթացքում նոր մտքեր են ծնվում։ Երբեմն այդ ամենի մեջ կորչում ես, մտքերդ խճճվում են։ Հիմա սովորել եմ, թե կոնկրետ ինչ եմ ուզում ու դրանցից քաղում եմ այն, ինչ պետք է։ Ես բաց եմ բոլոր մեկնաբանությունների համար, բայց փորձում եմ այլևս չկորչել դրանց մեջ։ Թիմ կառուցելը ևս մեծ ռիսկ ու պատասխանատվություն է, բայց ճանապարհը հետաքրքիր է ու գրավիչ։ Այս «դժվարություն» կոչվածն առօրյա կյանք է դառնում, բայց, իհարկե՝ հաճելի։

- «Գաղափարից բիզնես»-ը, փաստորեն, ձեր առաջին աքսելերացիոն ծրագիրը չէ։ Այսպիսի ծրագրերն ի՞նչ են տալիս ստարտափերներին։

- Ընդհանրապես, լավ աքսելերատորը փորձում է ճիշտ ուղղության վրա դնել, և կարող ես քեզ պետքական ինֆորմացիան քաղել, կապեր գտնել։ Նույնը Change Lab-ում կազմակերպվող ծրագրի վերաբերյալ կարող եմ ասել։ Ճիշտ է, մեր պարագայում սա երկրորդն էր, բայց կային մի շարք թեմաներ, որոնք իսկապես օգտակար էին և կարելի էր դրանցից մի բան քաղել ու օգտագործել։

- Ի՞նչ փոփոխություն կառաջարկեիք այս ծրագրի շրջանակում։

- Ընդհանուր առմամբ, բարձր եմ գնահատում այն, որ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը նախաձեռնեց ու նման բան ստեղծեց տեղական ստարտափների համար։ Կուզեի, որ դասընթացը նաև օնլայն հասանելիություն ունենար։ Օրինակ, մեր թիմակիցներից երկուսն արտերկրում են. օնլայնի դեպքում իրենք էլ կկարողանային միանալ։ Միայն սա կարող եմ առաջարկել։ Մնացածը շատ լավ էր։

- Ինչպե՞ս են ընթանում մենթորի հետ աշխատանքները։

-Հանդիպում ենք ունեցել մեր մենթորի հետ, պատմել մեր մասին, և հիմա նա փորձում է մեզ ներկայացնել տարբեր ասպարեզներում։ Նա գիտի, թե մեզ ինչ է պետք և փորձում է այդ առումով օգնել, մենք էլ, ինչպես ասացի, ֆոնդահայթայթման փուլում ենք։

- 5 տարի անց որտե՞ղ կլինի «Մանոթը»։

- 5 տարի անց… Բավականին կայացած ընկերություն կլինի, որին կճանաչեն և՛ որպես իր պիտանիությունն ապացուցած նորաստեղծություն, և՛ որպես աշխատող ու համերաշխ թիմ: Թիմի մշակույթը շատ կարևոր է մեզ համար։ Ցանկանում ենք ձևավորել մի թիմային միջավայր, որտեղ առաջնային կլինեն ինքնազարգացումն ու աճը։