Ռուբեն Հայրապետյան. Ուսանողների պարբերական հարցումները փոքր, բայց անբաժանելի մասն են ՀՊՏՀ-ում ընթացող համակարգային փոփոխությունների
ՀՊՏՀ հանդիսությունների դահլիճում այսօր կայացավ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի հանդիպումը ուսանողների հետ, որոնց թվում էին ոչ միայն առկա, այլև հեռակա կրթաձևի ներկայացուցիչներ: Հանդիպման առիթը ՀՊՏՀ-ում ներդրվելիք ուսանողական էլեկտրոնային հարցումների հայեցակարգի ներկայացումն էր:
Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց հայեցակարգը, մատնանշեց հիմնական առանձնահատկությունները՝ դրանց շարքում առանձնացնելով հետևյալը՝ հարցումները լինելու են անանուն, իրականացվելու են «Մուդըլ» համակարգում՝ էլեկտրոնային եղանակով, հարցումը լինելու է հնարավորինս պարզեցված, ներառելու է 10 հարց յուրաքանչյուր դասախոսի մասին, որոնցից 9-ը ուղղորդող և միայն վերջինը պարտադրող: Հարցմանը պարտադրող ձայնի իրավունքով մասնակցելու համար ուսանողը պետք է նախորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքում ապահովի առնվազն 13.0 ՄՈԳ: Եթե անգամ ամբողջ ուսումնառության ընթացքում ուսանողի ՄՈԳ-ը ցածր է եղել, տվյալ կիսամյակում նա կարող է այն բարելավել և մասնակցել հարցմանը: Ուսանողներին փակ ծրարով կտրվի համակարգ մուտք գործելու հասցեն ու գաղտնաբառը: Համալսարանի ղեկավարի ներկայացմամբ, նախատեսվում է հարցումներն իրականացնել յուրաքանչյուր կիսամյակ՝ նախորդ կիսամյակում դասավանդած դասախոսների մասին: Հարցման արդյունքներն օգտագործվելու են դասախոսների պարգևավճարները տարբերակելու նպատակով: Հարցման արդյունքում շատ ցածր գնահատականի դեպքում խնդիրները վերհանվելու են և դասախոսներին դրանք շտկելու հնարավորություն է տրվելու, իսկ ծայրահեղ բացասական գնահատականի դեպքում, երբ ակնհայտ է, որ դասախոսը բացարձակապես կոմպետենտ չէ, նրա հետ պայմանագիր կարող է լուծվել:
«Ուսանողների պարբերական հարցումները փոքր, բայց անբաժանելի մասն են համակարգային այն փոփոխությունների, որոնք ներկայում ընթացքի մեջ են»,- շեշտադրեց Ռուբեն Հայրապետյանը:
Այնուհետև ՀՊՏՀ էլեկտրոնային սարքավորումների սպասարկման և ծրագրային ապահովման բաժնի աշխատակիցների օգնությամբ մեկ ուսանողի կողմից դահլիճում իրականացվեց փորձնական հարցում՝ ուսանողների համար գործընթացն ավելի տեսանելի դարձնելու նպատակով:
«Այս հայեցակարգը վերջնական չէ, քանի դեռ չենք քննարկել ձեզ հետ, չենք լսել ձեր մոտեցումները: Մեր համալսարանում, սիրելի' ուսանողներ, այժմ մասշտաբային փոփոխություններ են, և այս հարցումների հայեցակարգի ներդրումն էլ իմաստավորվում է այս շրջանում իրականացված բոլոր բարեփոխումների համատեքստում: Մեզ համար շատ կարևոր է, որ համակարգը ճիշտ գործի և ծառայի իր նպատակին: Մեր համոզմունքն այն է, որ ուսանողներին պետք է հնարավորություն տրվի համակարգված ձևով արտահայտելու իր կարծիքը, ուստի կարծում ենք, որ այս հարցումների համակարգը պետք է ծառայի այդ նպատակի իրագործմանը»,- դիմելով ուսանողներին՝ հայտարարեց համալսարանի ղեկավարը: Ռուբեն Հայրապետյանն ընդգծեց նաև. «Շատ կարևոր է, որ դուք այս հարցին մոտենաք բարձր գիտակցությամբ և այն ընկալմամբ, որ համալսարանի ղեկավարության և ուսանողների շահերը համընկնում են՝ երկու կողմերի նպատակն էլ մեկն է՝ բարելավել կրթության որակը: Եվ սա պետք է անել գործընկերային համագործակցությամբ: Մեր ցանկությունն է այնպես անել, որ բոլոր շահակիցները դառնան մեր համալսարանի առաքելության կրողը»:
Այնուհետև ռեկտորի պաշտոնակատարը պատասխանեց ուսանողների հարցերին, որոնք մի քանի տասնյակ էին: Շուրջ 3 ժամ տևած հանդիպմանը ուսանողները ներկայացրեցին իրենց առաջարկները, մոտեցումները, համակարգի աշխատանքի վերաբերյալ հարցադրումներ, որոնց Ռուբեն Հայրապետյանը մանրամասն պատասխանեց, ներկայացրեց պարզաբանումներ, ընդունելի առաջարկների մասով էլ խոստացավ դրանք ներառել հայեցակարգում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին