Մհեր Փարվանյանը նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական տնօրեն

Դիտումների քանակ՝ 3286

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի մարտի 12-ի հրամանով տնտեսագետ, «Փարվանյան Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Փարվանյանը նշանակվել է մեր համալսարանի ֆինանսական տնօրեն: Ներկայացնում ենք պարոն Փարվանյանի հետ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի առաջին հարցազրույցը:

- Հարգելի՛ պարոն Փարվանյան, նախ շնորհավորում եմ Ձեզ Տնտեսագիտական մայր բուհի ֆինանսական տնօրենի պաշտոնում նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնում զրույցի պատրաստակամության համար:

-Ես էլ եմ շնորհակալ շնորհավորանքի ու նաև հարցազրույցի համար:

-Պարո՛ն Փարվանյան, կխնդրեի մի քանի խոսքով ներկայացնեիք Ձեր անցած ուղին:

-Իհարկե, սիրով համառոտ ներկայացնեմ: Կրթությունս ստացել եմ այս համալսարանում, պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտությամբ, վերապատրաստվել եմ Գերմանիայում՝ ՆԱՏՕ-ի դպրոցում, ապա նաև Մեծ Բրիտանիայում: Երկար տարիներ զբաղվել եմ Հայաստանի տնտեսական անվտանգության հիմնախնդիրներով, զբաղեցրել եմ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ֆինանսական բաժնի ղեկավարի պաշտոնը: Այսինքն՝ զբաղվել եմ և՛ Հայաստանի տնտեսական անվտանգության հիմնախնդիրներով, և՛ պետական ֆինանսների կառավարմամբ՝ վերը նշված հիմնարկի մակարդակով: Բացի դրանից, հիմնադրել եմ և ղեկավարում եմ «Փարվանյան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը, որը Հայաստանի Հանրապետությունում ոչ այնքան անհայտ խորհրդատվական ընկերություններից է:

- Ի՞նչ հիմնական գործառույթներ պետք է իրականացնեք և որո՞նք են լինելու Ձեր առաջնահերթ անելիքները:

-Որպես ֆինանսական տնօրեն՝ գործառույթները կարելի է բաժանել երկու հիմնական մեծ խմբի՝ համակարգման և վերահսկման, ինչը ենթադրում է ենթակա ստորաբաժանումների գործունեության համակարգում, վերահսկում և արդյունավետության բարձրացում: Եվ երկրորդ խումբը ֆինանսական կառավարման գործառույթներն են, ինչն արդեն ենթադրում է նոր ֆինանսական կառավարման համակարգի ներդրում, գոյություն ունեցողի վերանայում, որի հիմնական նպատակն է լինելու ոչ միայն ֆինանսների, այլև առհասարակ կառավարման արդյունավետության բարձրացումը, որովհետև ֆինանսների կառավարումը և ընդհանուր կառավարումը փոխկապակցված են, մեկը մյուսի մասն է կազմում: Հետևաբար, երկրորդ խումբ գործառույթները պարոն Հայրապետյանի կողմից հայտարարված բարեփոխումների շրջանակում շատ կարևոր են:

- Ձեր համակարգման ներքո, ըստ ՀՊՏՀ նոր կառուցվածքի, երկու ստորաբաժանում է լինելու, կանդրադառնա՞ք նրանց աշխատանքին, ի՞նչ փոփոխություններ են սպասվում:

- Անկեղծ ասած, քանի որ ես նոր եմ նշանակվել, աշխատանքի որակական կողմին դեռևս ծանոթ չեմ, չնայած վստահ եմ, որ լավ մասնագետներ են խմբված և բավականաչափ որակյալ աշխատանք են կատարում: Գործառույթների վերաբերյալ կարող եմ ասել հետևյալը. հաշվապահական հաշվառման բաժնի մասով կարևորը սա է՝ հաշվապահական հաշվառումը պետք է վարվի միջազգային ստանդարտներին համապատասխան: Իսկ ինչ վերաբերում է գնումների բաժնին, ապա այստեղ գլխավոր գործառույթը պետք է լինի գնումների բաժնի ղեկավարի ակտիվ մասնակցությունը նյութատեխնիկական ռեսուրսների պլանավորման գործընթացին՝ ի թիվս գնումների համակարգման գործընթացի: Բացի այդ, բնականաբար, ես համագործակցելու եմ նաև բուհի մյուս ստորաբաժանումների հետ:

- Ֆինանսների կառավարումը ցանկացած կազմակերպության կենսագործունեության ամենակարևոր ուղղություններից է, ո՞րն է ֆինանսների արդյունավետ կառավարման Ձեր բանաձևը:

-Ֆինանսների արդյունավետ կառավարման բանաձևը ոչ թե քիչ ծախսն է, այսինքն՝ տնտեսումը, այլ ըստ արդյունքի ֆինանսավորումը: Սա նշանակում է, որ մենք տնտեսում ասելով նկատի ունենք ոչ թե քիչ փող ծախսելը, ինչը խորհրդային ժամանակաշրջանից եկած մոտեցում է և, ցավոք, կիրառվում է նաև այժմ, այլ արդյունավետությունը, որը նշանակում է նպատակադրված թիրախներին հասնելու համար հաշվարկված և հիմնավորված ծախսեր: Այստեղ շատ կարևոր է «նպատակադրված թիրախ» ձևակերպումը, որովհետև կարող է կատարվի համապատասխան ծախս, բայց չլինի թիրախային արդյունք: Այստեղ մենք պետք է խոսենք ծրագրային բյուջետավորման մեթոդաբանության մասին, ինչը 2018 թվականից ներդրվեց պետական համակարգում և 2019 թվականից պետական բյուջեն այդ մեթոդաբանությամբ է կազմված: Մեր առաջիկա քայլերից մեկը լինելու է այս մեթոդաբանության կիրառումը բուհում: Ծրագրային բյուջետավորումը շատ կարևոր է, ֆինանսները պետք է պլանավորվեն՝ միաժամանակ պետք է պլանավորվեն դրանց համապատասխան չափելի ոչ ֆինանսական արդյունքները:

2019 թ. համար արդեն համալսարանի բյուջեն կազմված է, բայց գալիք ժամանակաշրջանում պարարտ հող կնախապատրաստենք 2020 թ. բյուջեն ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ պլանավորելու համար: Սա այն հիմնական գործիքներից է, որը միտված է բուհի ռազմավարության իրագործմանը:

Եվ հաջորդը, որ կցանկանայի անդրադառնալ, արդյունավետության ցուցանիշն է, ինչը նշանակում է, որ լինելու է աշխատանքի վարձատրության տարբերակված մոտեցում ըստ արդյունքի, հետևաբար, երբ աշխատակիցն իր առջև դրված չափելի խնդիրները լուծում է, ապա նա պետք է ստանա համապատասխան աշխատավարձ: Սրանք, ըստ էության, այն հիմնական ուղղություններն են, որոնք ցանկանում ենք կյանքի կոչել և հենց այս ուղղություններով իմ փորձառությունը հաշվի առնելով է, որ պարոն Հայրապետյանն ինձ հրավիրել է զբաղեցնելու այս պաշտոնը:

- Լինելով հայաստանյան խորհրդատվական ընկերությունների շուկայում կայացած ընկերության տնօրեն՝ ինչպե՞ս ընդունեցիք ՀՊՏՀ-ում աշխատանքի հրավերը:

-Այո՛, դա կարևոր հարց է: Ըստ էության, ես, լինելով «Փարվանյան Քոնսալթինգ» ընկերության տնօրեն, համաձայնում եմ ստանձնել այս պաշտոնը: Այն համոզմանն եմ, որ ցանկացած բրենդ ձևավորող բիզնես պետք է ունենա սոցիալական պատասխանատվություն: «Փարվանյան Քոնսալթինգի» ու նաև իմ՝ որպես ՀՀ քաղաքացու, սոցիալական պատասխանատվությունը տնտեսությանն աջակցելու մղումն է, և ես հանդես եմ գալիս իմ հեղինակային հաղորդմամբ, տնտեսական, օրենսդրական տարբեր նախաձեռնություններով, վերլուծություններով: Այս համատեքստում, երբ հրավեր ստացա պարոն Հայրապետյանից, հասկացա, որ սա այդ առաքելությունն իրագործելու յուրահատուկ հնարավորություն է: Համարում եմ, որ ՀՊՏՀ-ն պարտավոր է դառնալ նոր իշխանությունների կողմից հայտարարված տնտեսական հեղափոխության լոկոմոտիվներից մեկը և կարծում եմ, որ իմ անելիքն ունեմ այստեղ՝ որպես ֆինանսական տնօրեն: Այսինքն՝ այն բարեփոխումները, որոնք հռչակված են բուհի ռազմավարությամբ և իրատեսական են, դրանց իրագործմանը կարող եմ իմ նպաստը բերել որպես ֆինանսական տնօրեն, որպես տնտեսագետ ու նաև որպես գիտնական՝ իմ աշխատանքով, վերլուծություններով: Հուսամ՝ ՀՊՏՀ-ն կդառնա նշածս գործընթացի լոկոմոտիվ, և ես դրանում իմ անձնական պատասխանատվությունն եմ տեսնում:

-Ֆինանսական առանձին ուղղության ստեղծումը նշանակում է, որ մեր համալսարանում ֆինանսական կառավարմանը մեծ ուշադրություն է դարձվելու, ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ այս առումով:

-Անշուշտ, ֆինանսական կառավարմանը մեծ ուշադրություն է դարձվելու: Ֆինանսական տնօրենի ինստիտուտը ֆինանսական կառավարչի, մենեջերի ինստիտուտն է: Երբ մենք խոսում ենք ֆինանսական տնօրենի ինստիտուտի մասին, մենք խոսում ենք ֆինանսների կառավարման մասին, ինչը նշանակում է՝ ֆինանսներ ներգրավել և դրանք ծախսել այնպես, որ լինեն հստակ արդյունքներ: Այսինքն՝ այստեղ արդյունքի և ծախսի կապն է ամենաէականը, այլ կերպ ասած՝ ոչ ֆինանսական ցուցանիշների և ֆինանսական ցուցանիշների ուղիղ կապն է, և, այո, այդ ամենը կարևորվում է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի կողմից բուհի նոր ռազմավարության իրականացման համատեքստում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին