Վարպետաց դաս ֆեյսբուքյան հոլովակներ պատրաստելու յուրահատկությունների մասին

Դիտումների քանակ՝ 1958

ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողներն այսօր ունկնդրեցին արտալսարանային դասախոսություն, որը մանրամասն լուսաբանում էր թվային մարքեթինգի, մասնավորապես ֆեյսբուքյան հոլովակների պատրաստման յուրահատկությունների վերաբերյալ: Մարքեթինգի ամբիոնի վարիչի պոշտոնակատար Վադիմ Գրիգորյանի հրավերով վարպետաց դասը վարեց Ucom ընկերության թվային մարքեթինգի մասնագետ, ՀՊՏՀ շրջանավարտ Տիգրան Մկրտչյանը:

Մեզ հետ զրույցում, հիմնավորելով միջոցառման անցկացման նպատակը, Վադիմ Գրիգորյանը նշեց, որ թվային մարքեթինգին առնչվող թեմաները ուսանողների ուշադրության կենտրոնում են, և նկատի առնելով, որ ամբիոնում չկան նեղ մասնագետներ՝ կազմակերպվում են արտալսարանային դասախոսություններ:

«Մեկ հանգամանք ևս ընդգծենք՝ գործնական ոլորտից հրավիրում ենք հենց մեր շրջանավարտներին, որովհետև նրանք ավելի լավ են պատկերացնում, թե ուսանողն ինչ լրացուցիչ տեղեկատվության, գործնական գիտելիքի կարիք ունի»,-ասաց ամբիոնի ղեկավարը:

Բանախոսության սկզբում Տիգրան Մկրտչյանը շեշտադրեց, որ ֆեյսբուքյան հոլովակները արդիական են, և ի տարբերություն օրինակ YouTube-ի՝ զգալիորեն մեծ ներգրավվածություն (Engagement) է  ապահովում, և կարևոր է, որ մարքեթոլոգները տիրապետեն դրա պատրաստման հմտություններին: Մասնագետը հետաքրքիր մատուցմամբ մեկնաբանեց, թե որ հոլովակներն են ազդեցիկ, ինչ մեթոդներ ու գործիքներ են խորհուրդ տրվում կիրառել: Հընթացս ցուցադրվում էին հոլովակներ, որոնց մասին կարծիք էր հայտնում նաև լսարանը:

Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին