Կայացավ «Միներվա» ծրագրի աշխատանքային խորհրդակցությունը

09.07.2021 Էրազմուս +
Դիտումների քանակ՝ 1420

Այսօր տեղի ունեցավ ԵՄ «Էրազմուս+» ՀԳ2 նախագծի «Միներվա» ծրագրի («Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») ներքին աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համալսարանի այն ստորաբաժանումների («Ամբերդ» հետազոտական կենտրոն, գիտության, ասպիրանտուրայի, միջազգային կապերի, ՄՌԿ, ֆոնդահայթայթման, տնտեսական և ինժեներատեխնիկական բաժիններ, գրադարան) ղեկավարներն ու աշխատակիցները, որոնք գործունեություն են ծավալում նշված ծրագրի նպատակների իրագործման ուղղությամբ:

Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը ներկայացրեց «Միներվա» ծրագրի շրջանակում թիրախային նպատակադրումները, կատարված աշխատանքն ու ձեռքբերումները՝ մասնավորապես տեղեկացնելով, որ ՀՊՏՀ-ի կողմից EURAXESS-ին (համաեվրոպական հետազոտողների հարթակ) ներկայացված հայտը, որին նախորդել էր հետևողական ու մանրակրկիտ աշխատանք, այժմ փորձաքննության փուլում է: Պրոռեկտորը նշեց, որ, ստանալով գերազանցության աստիճան, մեր բուհը հնարավորություն կունենա հավասար պայմաններով ներկայացված լինելու Եվրոպական հետազոտական տարածքում և նոր ձեռքբերումներ և արդյունքներ գրանցելու: Այնուհետև Թաթուլ Մկրտչյանն անդրադարձավ Բեռլինի հռչակագրին անդամակցությանը, «բաց գիտության» համակարգի, հետազոտությունների բազայի ներդրման, հակագրագողության համակարգի ձևավորման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, ապա ուղենշեց ընթացիկ և հետագա անելիքները:

Ելույթ ունեցավ նաև ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը: Նա հիմնականում անդրադարձավ «բաց գիտության» և «բաց հասանելիության» եզրույթների բովանդակությանը և հիմնադրույթներին, որոնք ենթադրում են հետազոտությունների հասանելիություն, թափանցիկություն, հաշվետվողականություն, խոսեց այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Այս համատեքստում, Եվգենյա Բազինյանը ներկայացրեց Բեռլինի հռչակագիրը, որը բաց հասանելիության ձևավորման գործնական ուղիներ է առաջարկում:

Խորհրդակցության ավարտին քննարկում ծավալվեց հետազոտական արդյունքի տեխնիկական և բովանդակային ենթակառուցվածքների ստեղծման շուրջ:

Հիշեցնենք, որ «Միներվա» ծրագրին ՀՊՏՀ-ն անդամակցում է 2019 թվականից, այն ներառում է հետազոտական ոլորտում տեխնիկական և բովանդակային ենթակառուցվածքների ստեղծում և հզորացում, գրագողության և ակադեմիական էթիկայի խախտումների դեմ պայքարի ծրագրի ներդրում, հետազոտությունների բազայի ստեղծում և ներդրում։ Ծրագիրն իրականացվում է Մոլդովայում և Հայաստանում, հայաստանյան մասնակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական և Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանները։ Ծրագիրը համակարգում է Մոլդովայի տնտեսական հետազոտությունների ակադեմիան: Ծրագրի տևողությունը 3 տարի է:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին