Նոր հրատարակություն. Ռաֆայել Երվանդյանի հուշապատումը՝ ընթերցողի սեղանին

Դիտումների քանակ՝ 1024

«Անանց հուշեր». այսպես է կոչվում Ռաֆայել Երվանդյանի նոր գիրքը: Այն հեղինակի անցած օրերի՝ մանկության ու պատանեկության հուշապատումն է, ցավի, կարոտի հուզաթաթախ ապրումը: Ընթերցողի հայացքի առջև կենդանանում է մի ամբողջ պատմական ժամանակաշրջան՝ հեղինակի հայրենի բնօրրանի իրադարձություններով, վառ կերպարներով, չքնաղ բնապատկերներով, բարբառի համ ու հմայքով:
Գրող-հոգեբանը մեզ աներևույթ ուղեկցում է այդ իրական աշխարհն ու հաղորդակցում իր իսկ կարոտներին, փոխանցում իր զգացմունքայնության գուներանգները:
Գրքի նախաբանում խմբագիր, ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դոցենտ Զուխրա Երվանդյանը «Խմբագրի կողմից «Երկու խոսքի» փոխարեն»-ում անվրեպ ձևակերպում է .
Անթեղված կարոտներդ նորել,
հիշում են մոռացված դեմքեր,

Անցածը յոթներանգ ներկել,
դարձրել են անուշ երազներ:

Մեր երիտասարդ այցելուներին սիրով տեղեկացնում ենք՝ Ռաֆայել Երվանդյանը ՀՊՏՀ պաշտոնական «Տնտեսագետ» ամսագրի հիմնադիր–խմբագիրն է (1977–2004 թթ.), «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի պատասխանատու քարտուղարը (2004–2011 թթ.):
Շնորհավորում ենք Ռաֆայել Երվանդյանին հերթական գրքի լույսընծայման առթիվ և նորերի սպասումով մաղթում նրան առողջություն, եռանդ, ստեղծագործական որոնումներ և նորանոր հրատարակություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին