ՀՊՏՀ-ականները՝ տնտեսագիտական երիտասարդական գիտաժողովի լավագույն զեկուցումների հեղինակներ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կայացած «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների 4-րդ գիտաժողովի (մարտի 10-13) լավագույն զեկուցման հեղինակների շարքում ՀՊՏՀ-ականներ են: Նշենք, որ գիտաժողովն անցկացվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ սպորտի և երիտասարդությանհարցերի նախարարության ֆինանսավորմամբ: Գիտաժողովի կազմակերպիչներն են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումը և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:
Մեր համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Տաթևիկ Հովհաննիսյանը «Տարածաշրջանային զարգացման բանկերի դերը ՀՀ տնտեսական համակարգում» թեմայով զեկուցման համար զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը: Մեր ուսանողուհու գիտական ղեկավարն է ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոնի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Նազարյանը:
1-ին պատվավոր տեղն են զբաղեցրել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ասպիրատ Անի Խաչատրյանը և մագիստրանտ Արփինե Սարգսյանը՝ «Սոցիալ-տնտեսական վերափոխումների ազդեցության գնահատումը զարգացող տնտեսություն ունեցող երկրների տնտեսական աճի վրա» զեկուցմամբ (համահեղինակությամբ), որի գիտական ղեկավարն էր մասնաճյուղի տնօրեն տ.գ.դ., պրոֆեսոր Սամսոն Դավոյանը:
Ուսանողուհիները «Կոնվերս բանկի» կողմից արժանացել են խրախուսական դրամական պարգևների, ինչպես նաև Visa ISIC ուսանողական քարտերի:
Նշենք, որ սա Տաթևիկ Հովհաննիսյանի հերթական հաջողությունն է, մեր ուսանողուհու հաղթանակներին անդրադառնալու առիթներ ունեցել ենք բազմիցս: Տաթևիկը ՀՊՏՀ գերազանցիկ ուսանողուհի է, անվանական կրթաթոշակառու, հանրապետական և միջազգային մի շարք մրցույթների հաղթող:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Տաթևիկ Հովհաննիսյանը նշեց, որ իր զեկույցում ցույց է տվել տարածաշրջանային զարգացման բանկերի դերը ՀՀ տնտեսական համակարգում:
«Անկախացման տարիներից ի վեր ՀՀ-ն մշտապես վարկավորվել է զանազան միջազգային ֆինանսական կառույցների կողմից, սակայն տարածաշրջանային զարգացման բանկերի կողմից իրականացվող ծրագրերը առանձնանում են իրենց նպատակաուղղվածության առանձնահատկություններով և ֆինանսավորման պայմաններով: Իմ խնդիրն էր ուսումնասիրել Հայաստանի և տարածաշրջանային զարգացման բանկերի համագործակցության հիմնական ուղղությունները, տնտեսության թիրախային ոլորտները, ինչպես նաև այս կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկային ռեսուրսների ազդեցությունը ՀՀ պարտքային բեռի վրա»,-ընդգծեց Տաթևիկը՝ հավելելով, որ առհասարակ, շատ է սիրում ուսումնասիրություններ կատարել, ընդ որում, իր ուսումնասիրությունները չեն սահմանափակվում միայն մասնագիտակյան ոլորտով: Մասնագիտական հետազոտություն կատարելը, սակայն, Տաթևիկի խոսքով հաճելի է, օգտակար և հետաքրքիր, քանի որ հնարավորություն է տալիս ինքնուրույն եզրահանգումներ կատարել, կարծիք ձևավորել այս կամ այն երևութի մասին՝ ամրապնդելով մասնագիտական գիտելիքները:
Ուսանողների աշխատանքները տպագրվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի եռալեզու «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» հոդվածների ժողովածուում:
Գիտաժողովին մասնակցել են ՀՊՏՀ մի շարք ներկայացուցիչներ:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում նորանոր հաղթանակներ:
Լուսանկարները տրամադրել է Տաթևիկ Հովհաննիսյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին