ՀՊՏՀ-ականները՝ տնտեսագիտական երիտասարդական գիտաժողովի լավագույն զեկուցումների հեղինակներ

Դիտումների քանակ՝ 1466

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կայացած «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր»  խորագրով  ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների 4-րդ գիտաժողովի (մարտի 10-13) լավագույն զեկուցման հեղինակների շարքում ՀՊՏՀ-ականներ են: Նշենք, որ գիտաժողովն անցկացվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ սպորտի և երիտասարդությանհարցերի նախարարության ֆինանսավորմամբ: Գիտաժողովի կազմակերպիչներն են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումը և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

Մեր համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի միջազգային տնտեսական  հարաբերություններ մասնագիտության  4-րդ կուրսի ուսանողուհի Տաթևիկ Հովհաննիսյանը «Տարածաշրջանային զարգացման բանկերի դերը ՀՀ տնտեսական համակարգում» թեմայով զեկուցման համար զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը: Մեր ուսանողուհու գիտական ղեկավարն է ՀՊՏՀ  ՄՏՀ ամբիոնի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Նազարյանը:

1-ին պատվավոր տեղն են զբաղեցրել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ասպիրատ Անի Խաչատրյանը և մագիստրանտ Արփինե Սարգսյանը՝ «Սոցիալ-տնտեսական վերափոխումների ազդեցության գնահատումը զարգացող տնտեսություն ունեցող երկրների տնտեսական աճի վրա» զեկուցմամբ (համահեղինակությամբ), որի գիտական ղեկավարն էր մասնաճյուղի տնօրեն  տ.գ.դ., պրոֆեսոր  Սամսոն Դավոյանը:

Ուսանողուհիները «Կոնվերս բանկի» կողմից արժանացել են խրախուսական  դրամական պարգևների, ինչպես նաև Visa ISIC ուսանողական քարտերի:

Նշենք, որ սա Տաթևիկ Հովհաննիսյանի հերթական հաջողությունն է, մեր ուսանողուհու հաղթանակներին  անդրադառնալու առիթներ ունեցել ենք բազմիցս: Տաթևիկը ՀՊՏՀ գերազանցիկ ուսանողուհի է, անվանական կրթաթոշակառու, հանրապետական և միջազգային մի շարք  մրցույթների հաղթող:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Տաթևիկ Հովհաննիսյանը նշեց, որ իր զեկույցում ցույց է տվել  տարածաշրջանային զարգացման բանկերի դերը ՀՀ տնտեսական համակարգում:

«Անկախացման տարիներից ի վեր ՀՀ-ն մշտապես վարկավորվել է զանազան միջազգային ֆինանսական կառույցների կողմից, սակայն տարածաշրջանային զարգացման բանկերի կողմից իրականացվող ծրագրերը առանձնանում են իրենց նպատակաուղղվածության առանձնահատկություններով և ֆինանսավորման պայմաններով: Իմ խնդիրն էր ուսումնասիրել Հայաստանի և տարածաշրջանային զարգացման բանկերի համագործակցության հիմնական ուղղությունները, տնտեսության թիրախային ոլորտները, ինչպես նաև այս կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկային ռեսուրսների ազդեցությունը ՀՀ պարտքային բեռի վրա»,-ընդգծեց Տաթևիկը՝ հավելելով, որ առհասարակ, շատ է սիրում ուսումնասիրություններ կատարել, ընդ որում, իր  ուսումնասիրությունները չեն սահմանափակվում միայն մասնագիտակյան ոլորտով: Մասնագիտական հետազոտություն կատարելը, սակայն, Տաթևիկի խոսքով հաճելի է, օգտակար և հետաքրքիր, քանի որ հնարավորություն է տալիս ինքնուրույն եզրահանգումներ կատարել, կարծիք ձևավորել այս կամ այն երևութի մասին՝ ամրապնդելով մասնագիտական գիտելիքները:

Ուսանողների աշխատանքները  տպագրվել են ԵՊՀ  տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի եռալեզու «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» հոդվածների ժողովածուում:

Գիտաժողովին մասնակցել են  ՀՊՏՀ մի շարք ներկայացուցիչներ:

Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում նորանոր հաղթանակներ:

Լուսանկարները տրամադրել է Տաթևիկ Հովհաննիսյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին