Նոր ժողովածու՝ «Ժամանակակից քաղաքակրթության մարտահրավերները և փիլիսոփայությունը»

Դիտումների քանակ՝ 1199

ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի նախաձեռնությամբ լույս է տեսել «Ժամանակակից քաղաքակրթության մարտահրավերները և փիլիսոփայությունը» խորագրով հոդվածների ժողովածուն: Գրքում քննարկվում են ժամանակակից եվրոպական քաղաքակրթության զարգացման և հումանիզմի ապագայի, քաղաքակրթության մեջ բարոյական գործոնի դերի, հետարդյունաբերական հասարակության սպառողական էության, կեցության մարդաբանական չափումների, քաղաքակրթության մարտահրավերների էթնոպատմական հակազդումների, ազգային փիլիսոփայության առանձնահատկությունների, դրանցում Մխիթարյան միաբանության և 20-րդ դարասկզբի հայ փիլիսոփաների ունեցած ներդրումների մասին: Ժողովածուում ամփոփված են ամբիոնի ներկայացուցիչներ Արամ Սարգսյանի, Սարգիս Հայրապետյանի, Արփինե Մալքջյանի, Մարիետա Նիկողոսյանի, Սուրիկ Սարգսյանի, Յուրի Հովականյանի, Սոֆյա Օհանյանի, Անահիտ Ղազարյանի գիտական հոդվածները:

Մեզ հետ զրույցում  փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, փ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սարգսյանը նշեց, որ այս գիրքը լույս ընծայելու  գաղափարը ծնվել է ժամանակակից քաղաքակրթության առաջադրած որոշակի մարտահրավերների, գլոբալացման երևույթների, ազգային ինքնատիպության, նկարագրի հարցերի շուրջ խոհերից:

«Ժողովածուն մեր ամբիոնի վերջին 5 տարվա գիտահետազոտական աշխատանքի արդյունք է, այն առնչվում է ուսումնական ծրագրին, կարող է օգտակար լինել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են ժամանակակից քաղաքակրթության մարտահրավերների և դրանց դիմակայող ազգային-մշակութային այլընտրանքների հարցերով: Գլոբալացումը և' դրական, և' բացասական երևույթ է»,-ասաց պրոֆեսորը՝ հավելելով, որ պետք է պահպանել  ազգայինը, բայց այն հարստացնել համաշխարհային փորձով, այսինքն գլոբալացումից քաղել լավագույնը:

Ամբիոնն արդեն ժողովածուի մի քանի օրինակ է նվիրաբերել ՀՊՏՀ գրադարանին, գրքի օրինակներ կնվիրի նաև  ազգային, քաղաքային, բուհական  գրադարաններին:

Նշենք, որ ժողովածուն հրատարակության է երաշխավորել ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնը:

Շնորհավորում ենք գրքի հեղինակներին, մաղթում բեղմնավոր գիտական գործունեություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին