ՀՊՏՀ աշխատակիցը՝ մասնագիտական նոր ձեռքբերումներով

Դիտումների քանակ՝ 1088

Մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ու աշխատակիցների հաջողություններն ու ձեռքբերումները մեզ համար ոգևորության ու հպարտության առիթ են, և վստահ ենք՝ նույնպիսի զգացումներով են համակում մեր ընթերցողին:

Այսօր՝            հերթականը. ՀՊՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակից, համակարգչային համակարգերի ճարտարագետ Արման Օհանյանը «Մայքրոսոֆթ» համաշխարհային կորպորացիայի կողմից արժանացել է  տվյալների բազայի օպտիմալացման, անվտանգության, անխափան հասանելիության ապահովման մասնագետի միջազգային որակավորման  և ստացել հավաստագիր:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ Արմանն արժանացել էր տվյալների բազայի ստեղծման ու նախագծման որակավորված մասնագետի հավաստագրի: Ի դեպ՝ «Մայքրոսոֆթ» ընկերության հավաստագիրը հնարավորություն է տալիս աշխատելու  արտերկրում:

Մեզ հետ զրույցում Արմանն ասաց, որ որակավորման բարձրացման իր ճանապարհն ինքնուրույն է անցնում՝ ինքնակրթությամբ, մասնագիտական էլեկտրոնային բազան անգլերեն ուսումնասիրելով, ինչի արդյունքում արդեն երկրորդ անգամ հաջողությամբ հանձնում է առցանց քննությունն ու նոր որակավորում ձեռք բերում:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը անընդհատ կատարելագործվելու ու արդիականանալու միտում ունի, ուստի ես նույնպես չեմ բավարարվում իմ գիտելիքներով ու ձեռբերումներով»,- ասաց Արմանը:

Շնորհավորում ենք Արման Օհանյանին  ու սպասում ենք նրա շարունակական հաջողություններին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին