Կրթություն՝ արտերկրի առաջատար բուհերում. ՀՊՏՀ-ում հյուրընկալվել էին “London eye”-ի ներկայացուցիչները

Դիտումների քանակ՝ 1254

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի աջակցությամբ այսօր մեր բուհում հյուրընկալվել էին “London eye” միջազգային ուսումնական կենտրոնի տնօրեն Գայանե Եղիազարյանը, Մարշալի համալսարանի  (ԱՄՆ) ընդունելության հարցերով կոորդինատոր Ջեֆրի Բիալին: Հանդիպմանը մասնակցում էին մեր համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողները:

Գայանե Եղիազարյանը նախ ներկայացրեց “London eye”  կենտրոնի գործունեությունը, հիմնական առաքելությունը՝ այն է օգնել ուսանողներին կրթությունը շարունակել արտերկրում: Հայաստանցի ուսանողները  կարող են արտերկրում սովորել բակալավրական, մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերով: Տնօրենի խոսքով՝ իրենց կենտրոնը համագործակցում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Մալթայի, Չինաստանի, Կանադայի, Ավստրալիայի, Նիդեռլանդների և այլ երկրների համալսարանների հետ, որոնք առաջարկում են կրթաթոշակային ծրագրեր: Բանախոսը ներկայացրեց նաև արտերկրում կազմակերպվելիք ամառային դպրոցների մասին տեղեկատվություն:

Ջեֆրի Բիալին, ողջունելով, ուսանողներին, ասաց, որ ուրախ է Հայաստանում գտնվելու համար,  արդեն հասցրել է լինել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում,  մի շարք տեսարժան վայրերում (Գառնիում, Գեղարդ) և տպավորված է մեր երկրից: Հյուրը ներկայացրեց ամերիկյան  համալսարաններում ուսանելու հնարավորությունները, պայմանները:

Բանախոսները պատասխանեցին ուսանողների հարցերին:

Տեղեկացնենք, որ փետրվարի 27-ին, Անի Պլազա հյուրանոցում (Երևան, Սայաթ-Նովայի պող., 19 շենք)   “London eye”  կենտրոնի նախաձեռնությամբ անց  է կացվելու «Համաշխարհային կրթության բաց դռների օր» խորագրով կրթական ցուցահանդես, որին կարող են մասնակցել արտերկրում ուսումը շարունակել ցանկացողները: Միջոցառմանը ներկա են լինելու արտասահմանյան բուհերից ժամանած ներկայացուցիչներ:

“London eye”  կենտրոնի  հետ կարող եք կապ հաստատել  և հարցերն ուղղել հետևյալ հղումով՝ facebook.com/LondonEyeITC :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին