ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հյուրընկալեց «Հայկյան» մրցանակաբաշխության մրցանակակիր ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ներկայացուցիչներին

Դիտումների քանակ՝ 1195

«Ես երեկ հպարտության զգացում ունեցա, երբ հայտարարվեց մեր բուհի անունը և մեր բուհի ուսանողական խորհուրդն արժանացավ մրցանակի»,- այսօր իր աշխատասենյակում հյուրընկալելով «Հայկյան» մրցանակաբաշխության մրցանակակիր ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ներկայացուցիչներին՝ ասաց  ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան 2015» մրցանակաբաշխությունը, որին ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը հերթական անգամ դարձել է մրցանակակիր «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում` նույն անվանակարգում հայտնվելով Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի հետ միասին: Մրցանակակիրների ցանկին ծանոթացեք հետևյալ հղումով՝  heh.am/?module=article&utility=show_article&id_article=2517&lang=am:

ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Սերգեյ Խառատյանը շնորհակալություն հայտնեց  համալսարանի ղեկավարությանը, անձամբ ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ շեշտելով՝ «Մեր երեկվա հաղթանակում մեծ է Ձեր ներդրումը: Մեր ուսանողների անունից շնորհակալություն ենք հայտնում Ձեզ աջակցության համար: Մեկ անգամ չէ, որ համոզվել ենք, որ փորձում եք մեզ օգնել բոլոր նախաձեռնություններում: Սա մեզ պարտավորեցնում է բարձր պահել մեր համալսարանի հեղինակությունը»:

«Ձեր առաքելությունն այն է, որ դուք ներկայացնեք ամբողջ համալսարանի ուսանողության շահերը»,- ուսխորհրդականներին դիմեց համալսարանի ռեկտորը՝ նշելով, որ ինքը կարևորում է ուսանողների և բուհի ղեկավարության ջանքերի մեկտեղումը կրթության որակի բարձրացման գործում, ինչպես նաև միջավայրի բարելավման գործում՝ հաշվի առնելով, որ այստեղ ոչ միայն կրթական ծառայություն է մատուցվում, այլև ձևավորվում է երկրի վաղվա քաղաքացին: Կորյուն Աթոյանը խոստացավ շարունակաբար աջակցել ուսանողների նախաձեռնություններին՝ կրթական գործընթացը բարելավելու, ուսանողական առօրյան ավելի լավը դարձնելու գործում՝ միաժամանակ հավելելով. «Միշտ բաց եմ առաջարկությունների համար»:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը նշելով, որ արդեն 5-րդ տարին անընդմեջ ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը ստանում է «Հայկյան» մրցանակ, ասաց. «Այս մրցանակը մեզ պարտավորեցնում է  առավել ջանադիր աշխատել: Մեր գործունեության առանցքային ուղղություններն են ուսանողների շահերի պաշտպանություն, գիտական, ուսուցողական-ճանաչողական (միջբուհական, ներբուհական), ռազմահայրենասիրական, սոցիալական միջոցառումների իրականացում, ուսանողների ազատ ժամանցի կազմակերպում»:

ՈւԽ նախագահի փոխանցմամբ՝ առաջիկայում մեր բուհում սպասվում են հետաքրքիր միջոցառումներ, որոնք ուսանողական կյանքը կդարձնեն օգտակար, հիշարժան ու հետաքրքիր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին