Ռազմահայրենասիրական բաց դաս, քննարկում. միջոցառումներ՝ Եղեգնաձորի մասնաճյուղում

Դիտումների քանակ՝ 1267

Ինչպես տեղեկացնում են ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղից՝ երեկ  մասնաճյուղում տեղի են ունեցել միջոցառումներ: Հանդիպումներին ներկա է եղել մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, ուսխորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը:

Համալսարանում հյուրընկալվել և ուսանողների համար ռազմահայրենասիրական դաս է վարել ՀՀ Զինված ուժերի  4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Միջոցառումը նախաձեռնել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը: Անդրանիկ Մակարյանը  անդրադարձել է բանակաշինության, զինվորական առօրյայի վերաբերյալ հարցերի, ընդգծել ազգային  գաղափարախոսության կարևորությունը:

Գեներալ-մայորը ուսանողներին ներկայացրել է  կրթական համակարգին վերաբերող այնպիսի հիմնահարցեր, որոնք դերակատարում ունեն բանակի մարտունակության բարձրացման և բանակ-հասարակություն կապի ամրապնդման տեսանկյունից:  Հրամանատարը պատասխանել է ուսանողների հարցերին: Հանդիպման ավարտին Սոս Խաչիկյանը  ուսանողական խորհրդի անունից շնորհակալագիր է հանձնել  Անդրանիկ Մակարյանին, ապա  պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ այցելությունները դարձնել հաճախակի և առաջիկայում կազմակերպել մասնաճյուղի ուսանողների այցելությունը զորամասեր և դիրքեր:

Երեկ մասնաճյուղ են այցելել նաև «ԱՄՆ խաղաղության կորպուս/Հայաստանի» ներկայացուցիչները.  Վայոց ձորի և Սյունիքի մարզերի կամավորներն անց են կացրել աշխատանքային քննարկում, ծանոթացել «Խաղաղության կորպուս»-ի   ծրագրի շրջանակներում «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ››-ի  աշխատանքների ընթացքին:

Լուսանկարները տրամադրել է ՀՊՏՀ եղեգնաձորյան մասնաճյուղը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին