էստոնական համալսարաններում ուսանելու հնարավորություններ. ՀՊՏՀ-ում էին էստոնացի հյուրեր

Դիտումների քանակ՝ 1270

Այսօր մեր համալսարանում էին Էստոնիայի 3 բուհերի՝  Տարտուի համալասարանի, Տալլինի համալսարանի և Տալլինի տեխնոլոգիական համալսարանների ներկայացուցիչներ՝ Տարտուի համալսարանի մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Էվելի Սոոն, Տալլինի տեխնոլոգիական համալսարանի միջազգային հաղորդակցության և համագործակցության բաժնի ղեկավար Քեյթ Կիիսսելը և Տալլինի համալսարանի միջազգային մարքեթինգի մասնագետ Կարոլին Մեգին, ովքեր ուսանողներին ներկայացրին  նշված բուհերում կրթություն ստանալու հնարավորությունները, ուսումնական գործընթացը:

Միջոցառումը կազմակերպել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնինը, ներկա էր բաժնի պետ Վարդ Ղուկասյանը: Վերջինս ներկայացրեց հյուրերին և նշեց, որ մեր համալսարանի ուսանողներից մեկն արդեն Տարտուի համալսարանում է ՝ «Էրասմուս +» ծրագրով և առաջիկայում նույն ծրագրով  ՀՊՏՀ-ում կհյուրընկալվի նշված համալսարանից  մեկ դասախոս: Արտաքին կապերի բաժնի պետի խոսքով՝ Տարտուի համալսարանում հյուրընկալված մեր ուսանողը բավականին լավ տպավորություններ ունի:

Հյուրերից յուրաքանչյուրը ներկայացրեց իր համալսարանի, կրթական, կրթաթոշակային  ծրագրերի (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա), ուսանողական առօրյայի, վարձավճարների, դիմելու կարգի և վերջնաժամկետների մասին տեղեկատվություն: Բանախոսները համառոտ  անդրադարձ կատարեցին Էստոնիայի բնակչությանը, բնակլիմայական պայմաններին:

Տեսապատկերի միջոցով ուսանողները ծանոթացան Էստոնական համալսարանների ֆակուլտետներին, գրադարաններին, մարզական, մշակութային կենտրոններին և այլն: Նշենք, որ դիմորդներից  պահանջվում է անգլերենի իմացություն («Toefl», «Ielts»):

Հյուրերը պատասխանեցին ուսանողների հարցերին և նրանց հանձնեցին տեղեկատվական գրքույկներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին