ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը զորամասից պատվոգիր է ստացել. հերթական այցը զորամաս

Դիտումների քանակ՝ 2177

Մեր համալսարանի ուսանողական խորհրդի գործունեության շրջանակներում Հայաստանի զորամասեր այցելությունները նպատակ ունեն ամրապնդելու  բանակ-հասարակություն կապը, բարձր պահելու ուսանողների ռազմահայրենասիրական ոգին, ինչպես նաև զինվորների մարտական ոգին բարձր պահելու, նրանց խրախուսելու և քաջալերելու:

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ համատեղ իրականացրել է  արդեն ավադույթ դարձած «Ուսանողներն առաջնագծում» միջոցառումը, որի շրջանակներում երեկ, ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանի գլխավորությամբ,  բուհի շուրջ  4 տասնյակ ուսանողներ այցելել են  Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղ:

Այցին միացել են  ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիուտի ՈւԽ նախագահներ  Խաչիկ Բեկյանը և Արմեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ ուսխորհրդականները:

Այցելության սկզբում մասնակիցները եղել են Վայքի զորամասում, հանդիպել են զինվորների հետ, ծանոթացել բանակային առօրյային: Ուսանողները շուրջպար են բռնել զինվորների հետ, օրը դարձրել տոնական: ՈւԽ-ն զորամասին նվիրել է հեռուստացույց, թվային տեսախցիկ, երաժշտական կենտրոն, այլ նվերներ:

Ուսանողների 2-րդ հանգրվանը սահմանապահ Խաչիկ գյուղի պաշտպանական տեղամասն է եղել, որտեղ նրանք ծանոթացել են շուրջօրյա մարտական հերթապահության սկզբունքներին, շրջել են  պաշտպանական տեղամասում, եղել  բուժկետում և զորամասի ճաշարանում զինվորների հետ  համտեսել զինվորական կերակուրներ:

Զորամասին աջակցելու, անձնակազմի մարտական ոգին բարձրացնելու, ինչպես նաև բանակ-հասարակություն կապն ամրապնդելու համար ՀՀ ՊՆ N զորամասի կողմից ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը պարգևատրվել է  պատվոգրով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին