ՀՊՏՀ գիտնականները՝ «Նժդեհյան ընթերցումներ» ծրագրի մասնակից

Դիտումների քանակ՝ 1435

«Աշխարհազոր» երիտասարդական կրթական  հասարակական կազմակերպությունը 2015թ. մարտ-սեպտեմբեր ամիսներին իրականացրել է «Նժդեհյան ընթերցումներ» խորագրով կրթական, ճանաչողական ծրագիրը, որը կազմակերպվել է «Հայացք ապագային-2014» երիտասարդական ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից տրամադրած դրամաշնորհի շրջանակներում. այս մասին տեղեկացնում է ՀԵՀ պաշտոնական կայքը:

Ծրագրին մասնակցել են բազմաթիվ երիտասարդներ, ուսանողներ, տարբեր ՀԿ անդամներ։ Մեր բուհի դասախոսներ, կառավարման ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանը, փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սարգսյանը հանդես են եկել դասախոսություններով:

Ամեն շաբաթ կազմակերպվել են Գարեգին Նժդեհին նվիրված դասախոսություն-քննարկումներ, հայտնի նժդեհագետներ, փիլիսոփաներ, քաղաքական-հասարակական գործիչներ ներկայացրել են Նժդեհ մտավորականի, քաղաքական և ռազմական գործչի, հզորագույն ազգային գաղափարախոսի և փիլիսոփայի մտածողության ու գրական ժառանգության հիմնական ուղղությունները: «Նժդեհյան ընթերցումներ»-ն ամփոփվել է եռօրյա հայրենաճանաչողական արշավով դեպի Խուստուփ և ուխտագնացությամբ դեպի Վերնաշենի Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքի բակում գտնվող Գարեգին Նժդեհի գերեզման:

Լուսանկարը՝ ՀԵՀ պաշտոնական կայքից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին