Այցելություն զորամաս. ամրապնդվում է բանակ-հասարակություն կապը

Դիտումների քանակ՝ 1263

ՀՊՏՀ  ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանի, ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանի ուղեկցությամբ մի խումբ ՀՊՏՀ-ականներ երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ինչպես տեղեկացրել էինք, այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության Ճամբարակում տեղակայված  սահմանային  զորամաս:

Այսօր այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի  հետ զրույցում ռեկտոր Կորյուն Աթոյանը մասնավորապես ասաց. «Երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության, մարտունակ ոգու ամրապնդման գործում բանակ-հասարակություն սերտ կապը բարենպաստ  դերակատարություն ունի երկուստեք. զինվորն զգում է իր հարազատ ժողովրդի աջակցությունը,  հայրենատեր ու հաստատակամ զինվորի կողքին երիտասարդը լցվում է հայրենիքի հանդեպ պարտքի ու պատասխանատվության զգացումով: Ուրախալի էր կրկին ու կրկին հավաստիանալ, որ հաղթանակած հայոց բանակի զինվորի մարտական ոգին բարձր է: Հանդիպեցինք նաև մեր համալսարանի մի քանի ուսանողների, որոնք պատվով են կատարում իրենց զինվորական պարտքը»:

Ռեկտորը նշեց, որ նման այցելությունները շարունակական են. համալսարանի ղեկավարությունը, ուսանողական խորհուրդը, ուսանողները պատրաստակամ են ամեն հարմար առիթով գտնվել զինվորի կողքին՝ զորանոցում, զինվորական ճաշարանում, հրաձգարանում, զորակցել նրան, ինչպես նաև հարստացնել իրենց ռազմական գիտելիքները:

Հիշեցնենք՝ այս այցելությունը ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ համատեղ:

Լուսանկարը՝ ՀՊՏՀ ՈւԽ-ից

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին