Ավարտվեց «Դասախոսական գավաթ-2015»-ը

Դիտումների քանակ՝ 1200

Իր եզրագծին հասավ հունվարի 26-ին ՀՊՏՀ մարզադահլիճում մեկնարկած  «Դասախոսական գավաթ-2015» վոլեյբոլի միջբուհական առաջնությունը, որի նախաձեռնողը մեր համալսարանն է, և որն արդեն հավակնում է դառնալ ավանդական:

Այսօր պայքարեցին Հայկական պետական մանկավարժական և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների թիմերը: Մանկավարժականի թիմին այսօրվա հաղթանակը բերեց 2-րդ մրցանակ:

Խաղավարտից հետո տեղի ունեցավ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողություն: Առաջատար եռյակին շնորհավորեց, պատվոգրերն ու գավաթը հանձնեց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը:

Եվ այսպես «Դասախոսական գավաթ-2015»-ի հաղթող դարձավ Երևանի պետական համալսարանի թիմը, երկրորդը՝ Հայկական պետական մանկավարժական և 3-րդը՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների թիմերն են: Մեր թիմն այս անգամ գրավեց 5-րդ տեղը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ այս առաջնությունն աստիճանաբար ճանաչվում է, և մասնակցության հայտ են ներկայացնում նորանոր բուհական թիմեր, և առաջիկայում այն կանցկացվի ևս մի քանի մարզաձևերից:

«Հավանաբար կընդգրկենք սեղանի թենիսը և շախմատը, այդ մարզաձևերի համար համալսարանում գործում են բոլոր պայմանները: Ինչ վերաբերում է մեր թիմի մասնակցությանը, ապա պարզապես մարզական բախտը չժպտաց: Աշնանը կկայանա Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի առաջնությունը, կրկին դասախոսների համար, և կփորձենք ավելի լավ հանդես գալ ու հետ բերել հաղթողի կոչումը»,- ասաց ամբիոնի վարիչը` հույս հայտնելով, որ դրան կնպաստի նաև ամբիոնը երիտասարդ կադրերով համալրելը:

Հիշեցնենք՝ ՀՊՏՀ Ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության       ամբիոնը հիշյալ առաջնությունն անցկացնում է՝ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ: Առաջնության գլխավոր մրցավարն էր Հայաստանի վոլեյբոլի    ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին