Ֆինանսական հաշտարարի գրասենյակի հայտարարած մրցույթի մրցանակակիրները ՀՊՏՀ-ականներ են (թարմացված)

Դիտումների քանակ՝ 1238

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության գերազանցիկ ուսանողուհի, Միքայել Քոթանյանի անվան կրթաթոշակառու Տաթևիկ Հովհաննիսյանն արժանացել է Ֆինանսական հաշտարարի գրասենյակի հայտարարած «Ինչպե՞ս խթանել ֆինանսական միջնորդությունը ՀՀ-ում»  թեմայով լավագույն ուսանողական աշխատանքի մրցույթի առաջին մրցանակին: Այսօր Ֆինանսական հաշտարարի գրասենյակը նշել է իր գործունեության 6-ամյակը և միաժամանակ մրցանակներ հանձնել վերոնշյալ մրցույթի հաղթողներին:

Մրցանակը և վկայագիրը մեր ուսանողուհուն է հանձնել ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը՝ արժևորելով աշխատանքը որպես համակողմանի և խորը վերլուծություն: Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց Տաթևիկը՝ ավելացնելով. «2014-ի տարեվերջին դիմեցի այս մրցույթի համար: Ուսումնասիրության դաշտը բավականին ընդգրկուն էր՝ արժեթղթերի շուկա, բանկեր, ապահովագրական ընկերություններ: Ես վեր հանեցի հիմնախնդիրները, զուգահեռաբար ուսումնասիրեցի միջազգային փորձը, հիմնական ուղղությունները, բացահայտեցի Հայաստանում ներդրման հնարավորությունները և հանդես եկա առաջարկություններով»:

Այսօր ստացած պարգևը  (150 000 դրամ) և մասնագետների բարձր գնահատականը վկայում են, որ Տաթևիկը լավագույնս է կատարել իր առաջադրանքը: Նրա խոսքով՝ միջոցառմանը ներկա են եղել ֆինանսական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք  գոհունակություն են արտահայտել աշխատանքի մասին և սիրով իրենց աջակցությունն են առաջարկել:

Նշենք, որ Ֆինանսական հաշտարարի գրասենյակի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մրցույթին աշխատանք է ներկայացրել 13 ուսանող, և հաղթող են ճանաչվել երեքը: 
2-րդ մրցանակի է արժանացել կրկին մեր համալսարանի ուսանողուհի՝ Թագուհի Միքայելյանը, իսկ 3-րդ տեղը՝ ՀՀ ԿԳՆ Գավառի պետական համալսարանի ուսանողուհի Ալիտա Ղարաբաղցյանը:

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի տնտեսագիտության տեսություն մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտ, Ֆինանսական հաշտարարի գրասենյակի հայտարարած «Ինչպե՞ս խթանել ֆինանսական միջնորդությունը ՀՀ-ում»  թեմայով լավագույն ուսանողական աշխատանքի մրցույթի երկրորդ մրցանակակրին՝ Թագուհի Միքայելյանին, մենք հանդիպեցինք այսօր՝ հունվարի 29-ին:

Թագուհին նույնպես արժանացել է վկայագրի ու դրամական մրցանակի (100 000 դրամ):

«Իմ աշխատանքում անդրադարձել եմ ֆինանսական միջնորդությունների տեսություններին, օգտագործել եմ վիճակագրական տվյալներ, հիմնականում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, խոսել եմ Հայաստանի Հանրապետությունում  միջազգային փորձի կիրառման, դրա զարգացման հեռանկարների մասին»,- մեզ հետ զրույցում պատմեց Թագուհին՝ նշելով, որ վերջերս հաջողությամբ է մասնակցել նաև ՀՀ կենտրոնական բանկի հայտարարած Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթին և արժանացել է խրախուսական պարգևի:

Կրկին շնորհավորում ենք մեր մրցանակակիր ու գերազանցիկ ուսանողուհիներին ու մաղթում նորանոր  հաջողություններ ուսման մեջ ու մասնագիտական կայացման ասպարեզում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին