Հանդիսավոր կերպով մեկնարկեց «Դասախոսական գավաթ-2015»-ը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1307

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այսօր համախմբել էր  հայաստանյան 5 բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնների ներկայացուցիչներին. ՀՊՏՀ մարզադահլիճում կայացավ մեր բուհի նախաձեռնած «Դասախոսական գավաթ-2015» վոլեյբոլի միջբուհական առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանի պետական մանկավարժական, Հայաստանի պետական ճարտարագիտական (Պոլիտեխնիկ), Հայաստանի ազգային ագրարային, Երևանի պետական, Հայաստանի ամերիկյան համալսարանների ներկայացուցիչները:

Հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, մասնակից համալսարանների ֆիզդաստիարակության ամբիոնների վարիչներ և ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ Գագիկ Վարդանյանը, ով կարևորեց դասախոսների ներգրավումը սպորտում: Պրոռեկտորը նշեց, որ մեր բուհում նմանատիպ առաջնությունների անցկացման գեղեցիկ ավանդույթ է ձևավորվում և դասախոսներին մաղթեց առողջ մրցակցություն: Այնուհետև ՀՀ օրհներգի ներքո բարձրացվեց հայոց եռագույնը, և այդ պատիվը շնորհվեց անցած տարի «Դասախոսական գավաթ» միջբուհական առաջնությունում հաղթած ՀՊՏՀ թիմի ներկայացուցչին:

Առաջնության անցկացումը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում կարևորեց մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը: Վերջինիս խոսքով՝ այս գեղեցիկ առաջնության անցկացման ավանդույթը ձևավորվել է անցած տարի: «Ուրախալի է փաստել, որ անցած տարվա համեմատ այս տարի մասնակից բուհերի թիվն ավելացել է մեկով և դա խոսում է այն մասին, որ հետաքրքրությունը առաջնության նկատմամբ մեծանում է:
Շատ կարևոր է, որ  դասախոսները, ովքեր կրթում են  ուսանողներին, բացի առողջ ապրելակերպ պրոպագանդելուց, նաև ակտիվորեն զբաղվեն սպորտով: Այս առաջնության գլխավոր նպատակներից մեկը հենց սրան նպաստելն  է»,-նշեց ամբիոնի ղեկավարը:

Հավելենք, որ այսօր առավոտյան, մինչ առաջնության հանդիսավոր բացումը, կայացել է են ՀՊՄՀ-ՀՊՏՀ թիմերի խաղը, որն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ Մանկավարժականի, իսկ հանդիսավոր բացումից հետո, այս պահին հաջորդաբար ընթանում են  ՀՊՃՀ-ՀԱԱՀ և ԵՊՀ-ՀԱՀ խաղերը: Նշենք, որ առաջնությունը, ըստ նախատեսվածի, կտևի մինչև հունվարի 30-ը: Ինչպես մեզ  փոխանցեց Հովհաննես Գաբրիելյանը՝ ՀՊՏՀ

ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության       ամբիոնը առաջնությունը անցկացնում է՝ համագործակցելով  նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ: Առաջնության գլխավոր մրցավարն է Հայաստանի վոլեյբոլի    ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին