ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ «Համազգային վստահության վարկանիշ-2014» մրցանակաբաշխության մրցանակակիր

Դիտումների քանակ՝ 1332

Համազգային վստահության խորհուրդն այսօր ամփոփեց «Համազգային վստահություն» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ փորձագիտական գնահատման արդյունքում ներկայացնելով տարբեր ոլորտների այն անձանց ու կազմակերպություններին, որոնք վայելում են վստահության վարկանիշ: Հանդիսավոր արարողության ժամանակ Համազգային վստահության խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը հայտարարեց, որ 2014թ իրենց խորհուրդը 100 ընկերությունների շրջանակում կոնտենտ վերլուծություն է իրականացրել, Նոյեմբերյանից մինչև Մեղրի բնակվող շուրջ 6000 ազգաբնակչության շրջանում հարցումներ է իրականացրել՝ առցանց, ինչպես նաև թերթերի և կայքերի միջոցով:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը «Համազգային վստահության վարկանիշ-2014» մրցանակաբաշխությունում արժանացավ «Կրթական բարեփոխումների խթանման, բարձրագույն բուհական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար» անվանակոչմանը: «Տնտեսագիտական համալսարանն արժանի էր այսպիսի ռեկտոր ունենալուն: Կորյուն Աթոյանը մարմնավորում է մեծ գիտնականի, փորձառու կառավարչի, հմուտ դասախոսի»,- մրցանակը հանձնելիս հայտարարեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ Տնտեսագիտական համալսարանում այսօր տեսանելի են բարեփոխումները: «Ուրախ կլինենք, որ հանրապետության տնտեսական բոլոր հաջողությունները կապվեն նաև ձեր բուհի հետ»,- ասաց նա:

«Շնորհակալություն այս պատվին արժանացնելու համար, սա որքան պատվաբեր, նույնքան էլ պարտավորեցնող է: Ես կարծում եմ, որ մեր պետության զարգացման բանալին որակյալ կրթությամբ ուսանողությունն է լինելու»,- մրցանակը ստանալիս նշեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Տարբեր անվանակարգերում մրցանակակներ հանձնվեցին մեկ տասնյակից ավելի անձանց ու կազմակերպությունների:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին