ՀՊՏՀ գիտխորհրդի ընդլայնված նիստում՝ ՀՊՏՀ 2014թ. գործունեությունը և 2015թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները

Դիտումների քանակ՝ 1234

ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի ընդլայնված նիստ: Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց նիստի օրակարգը և խոսքը տրամադրեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին:  «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2014 թ. ուսումնագիտական և ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները և 2015 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները» ռեկտորի զեկուցում-հաշվետվությունը խարսխված էր համալսարանի հաջողությունների ու ձեռքբերումների արձանագրման, թերությունների և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների բացահայտման ու դրանց լուծման ուղիների մատնանշման վրա:

Ռեկտորի ներկայացրած վիճակագրությունն ու վերլուծությունն արտացոլեցին անցնող տարվա բուհի ընդունելության և թողարկման պատկերը, ուսումնական գործընթացի ներկա իրավիճակը և արդիականացման ու կատարելագործման ուղղությունները: Նա հատկանշեց, որ կրթության որակի բարձրացման, գիտահետազոտական աշխատանքների ակտիվացման, արտաքին կապերի ընդլայնման և խորացման նախորդ տարիներին որդեգրած ռազմավարությունը և մեկնարկած աշխատանքները  շարունակվում են: Կորյուն Աթոյանը ներկայացրեց համալսարանում ուսանողների ռեսուրսային և որակական ցուցանիշները, ըստ կրթական աստիճանի և ուսուցման ձևերի (ՀՊՏՀ-ում այսօր սովորում է 7211 ուսանող), աշխատակիցների կազմը:

Շեշտադրելով ու կարևորելով ՀՊՏՀ-ում գիտահետազոտական աշխատանքների կատարումը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ձեռքբերումները, գիտաուսումնական խմբերի գործունեությունը՝ համալսարանի ղեկավարն արձանագրեց, որ այս տարի գիտական կյանքն արժևորվել է նաև գիտական 24–րդ նստաշրջանով, որին մասնակցել են հանրապետության անվանի տնտեսագետները, բազմաթիվ ասպիրանտներ և ուսանողներ:

Հաջորդիվ ռեկտորն անդրադարձավ բուհի հավատարմագրման գործընթացին և այսօր իսկ արձանագրված հաջողություններին, հրատարակչական, գրադարանային գործունեությանը, միջազգային կապերին, Բրիտանական բիզնես դպրոցի հիմնադրմանը, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ծավալած գործունեությանը՝ համալսարանի տեղեկատվական քաղաքականության իրականացման համատեքստում, ուսանողների փորձառության կազմակերպմանը, ուսանողներին ուղղված սոցիալական մարզական հաջողություններին ու ուսանողական կարևոր իրադարձություններին, ինչպես նաև այլ ուղղությունների՝ բոլոր հիմնախնդիրները դիտարկելով թերությունները շտկելու և առաջխաղացում արձանագրելու տրամադրվածությամբ:

Մագիստրոսական կրթությունը ռեկտոր Կորյուն Աթոյանը համարեց այն կարևոր հիմնախնդիրը, որին պետք է նպատակաուղղվեն հետևողական ջանքեր: Համալսարանում իրականացված բարեփոխումների և հիմնանորոգման  աշխատանքներին ռեկտորն առանձին անդրադարձ չկատարեց, քանի որ, նրա խոսքով, արվածը տեսանելի է:

Այնուհետև ռեկտորը ներկայացրեց 2015 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները և պատասխանեց կոլեկտիվի անդամներին հետաքրքրող հարցերին, մասնավորապես՝ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամ Սարգսյանի՝ բուհերի ազգային հիմնադրամ դառնալու գործընթացի վերաբերյալ: Կորյուն Աթոյանը նշեց, որ մեր համալսարանը նույնպես ստացել է այդպիսի առաջարկ, և համալսարանի իրավաբանական բաժնին հանձնարարվել է ուսումնասիրել հարցը: Նա հավելեց, որ հիմնադրամ դառնալով բուհերը ստանում են որոշակի անկախ կարգավիճակ, և մեր համալսարանի դեպքում  դա կարող է լինել գիտական գործունեության առևտրայնացումը:

Եզրափակելով իր ելույթը` ռեկտորը հատկանշեց. «Գալիք տարիների մեր կարգախոսը պետք է լինի համալսարանի մրցունակության բարձացումը»:

Ընդլայնված խորհրդի նիստը ձայների բացարձակ մեծամասնությամբ հավանության արժանացրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2014 թ. ուսումնագիտական և ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը և 2015 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները, ինչպես նաև որոշեց ՀՊՏՀ 2014թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, 2014 թվականի բյուջեի կատարման արդյունքների մասին հաղորդումը և 2015թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները ներկայացնել ՀՊՏՀ խորհրդի քննարկմանն ու հաստատմանը:

Ընդլայնված նիստի ավարտից հետո արդեն ՀՊՏՀ ռեկտորը բոլորին հրավիրեց  նախասրահ՝ տոնականորեն զարդարված ճեմասրահում շնորհավորելով համալսարանի կոլեկտիվի բոլոր անդամների գալիք Նոր տարին և Սուրբ ծնունդը՝ բարեմաղթելով, որ 2015-ը լինի բարօրության, հաջողության ու առաջընթացի տարի, ապա բոլորին հրավիրեց տոնական սեղանների մոտ։

Հանդիպման այս հատվածի լուսանկարներին ծանոթացեք այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին