ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը 7 տարեկան է. կայացել է «Գիտակրթական համակարգի զարգացման առաջնահերթությունները ՀՀ մարզերում» խորագրով գիտաժողովը

Դիտումների քանակ՝ 1103

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը դեկտեմբերի 20-ին տոնել է հիմնադրման 7-ամյակը: Օրվա առիթով  կազմակերպվել է  հանրապետական գիտաժողով՝ «Գիտակրթական համակարգի զարգացման առաջնահերթությունները Հայաստանի հանրապետության մարզերում»  խորագրով:

Ինչպես հայտնում են մասնաճյուղից, գիտաժողովին բացման խոսքով հանդես  է եկել մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, ով ընդգծել է, որ թեմայի բովանդակությունը բխում է ինչպես բուհի առաքելությունից, այնպես էլ՝ ՀՀ Կառավարության ծրագրի գերակայություններից: ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման 7- ամյակի և գիտաժողովի կազմակերպման առիթով իրենց շնորհավորանքներն են փոխանցել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն  Աթոյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն  Սարգսյանը և Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, ով մասնաճյուղի հիմնադիր տնօրենն է և շնորհավորանք է հղել նաև տեսակապով՝ երեկոյան կազմակերպված միջոցառմանը:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել  Սոս Խաչիկյանը, փոխտնօրեն Արփինե  Հովակիմյանը, դասախոս Նարեկ Սարատիկյանը և մագիստրատուրայի շրջանավարտ Արգիշտի  Միքայելյանը, իսկ մյուս զեկուցումները քննարկվել են  կլոր սեղանների շուրջ:
Գիտաժողովից հետո  երեկոյան տեղի է  ունեցել  միջացառում՝ Վայոց ձորի մարզպետի, դասախոսների, ուսանողների մասնակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես են եկել  մարզպետը, մասնաճյուղի տնօրենը, ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը:

Միջոցառման ընթացքում հայտարարվել են  2013-2014 ուստարվա լավագույն կուրսի, ուսանողի և ուսանողուհու անունները: Լավագույն կուրս է ճանաչվել  զբոսաշրջության կառավարման 3-րդ կուրսը, լավագույն ուսանող՝ մագիստրատուրայի  2-րդ կուրսի ուսանող Կարեն Իսախանյանը և լավագույն ուսանողուհի՝ բակալավրիատի 2-րդ կուրսեցի  Աստղիկ Խալաթյանը: Պատվոգրեր են տրվել  նաև այն ուսանողներին, ովքեր ակտիվ մասնակցություն են ցուցաբերել համալսարանական կյանքում:

ՀՊՏՀ  լրատվության  և  հասարակայնության  հետ կապերի  բաժինը  զրուցեց մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանի հետ, ով  ասաց, որ մասնաճյուղի հիմնադրման օրը նշելը դարձել է գեղեցիկ ավանդույթ: « Գիտաժողովին ներկայացվել է  38 գիտական հոդված և հետաքրքրական է,որ այս տարի  ներգրավվել ենք նաև մագիստրանտներին, ովքեր հանդես են եկել դասախոսների հետ համահեղինակած հոդվածներով: Երեկոյան կայացած միջոցառմանը մասնակցել են թվով 160 ուսանողներ՝  ուսանողների շուրջ 70 տոկոսը, ինչն աննախադեպ արդյունք է: Մեծ խանդավառություն ու ոգևորություն կար թե' ուսանողների, թե' պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների մոտ»,-նշեց Սոս Խաչիկյանը՝ հավելելով, որ այս գիտաժողովի նյութերը նույնպես կտպագրվեն համապատասխան ժողովածուում:

Միանում ենք բոլոր  շնորհավորանքներին, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղին մաղթում  ենք գործունեության հաջող  ընթացք:

Լուսանկարները տրամադրել է Եղեգնաձորի մասնաճյուղի ՈւԽ-ն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին