«Դրամի փոխարժեքի տատանումները ՀՀ-ում. գործոնները, պատճառները և հնարավոր հետևանքները» թեմայով սեմինար-քննարկում՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1426

ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի նախաձեռնությամբ «Դրամի փոխարժեքի տատանումները ՀՀ-ում. գործոնները, պատճառները և հնարավոր հետևանքները» թեմայով սեմինար-քննարկում տեղի ունեցավ այսօր Տնտեսագիտական համալսարանում, որին մասնակցում էին  ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ֆինանսական ամբիոնի ներկայացուցիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ:

Բացման խոսքում ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ  Տնտեսագիտական համալսարանը պետք է արձագանքի մեր երկրում տեղի ունեցող տնտեսական իրադարձություններին, հանդես գա վերլուծություններով, գիտական մեկնաբանություններով:

Ֆինանսների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանն  ընդգծեց, որ ցանկացած շուկայի բնորոշ են վայրիվերումները, և հատկապես ֆինանսական շուկայում դրանք ցայտուն են:

Բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ Սուրեն Պողոսյանը հանդես եկավ զեկուցումով՝ անդրադառնալով դրամի փոխարժեքի տատանումների գործոններին, պատճառներին և հնարավոր հետևանքներին: Դոցենտը ներկայացրեց դրամի փոխարժեքի տատանումների փուլերը , որոնք են՝ Կենտրոնական բանկի կողմից փոխարժեքի ճշգրտում, ազատ անկում, հայտարարություններ և խորհրդակցություններ, փոխարժեքի  շուկայական  ճշգրտում:

Ներկայացվեց նաև փոխարժեքի տատանումների բացահայտումները ( դոլարը որպես մենաշնորհային ակտիվ, փոխարժեք-գներ-փոխարժեք մրցավազքը, արժութային շուկայի ոչ բարձր թափանցիկություն և այլն), փոխարժեքի տատանումների գործոնները (օբյեկտիվ-շուկայական, սուբյեկտիվ –սպեկուլյատիվ, հոգեբանական /բացասական սպասումներ, խուճապ/), դոլարի պահանջարկը և առաջարկը: Բանախոսն անդրադարձավ  արժութային շուկայի ճգնաժամի մակրոտնտեսական և ֆինանսական հիմքերին: Դոցենտը զեկուցումն ամփոփեց՝ մատնանշելով արժութային շուկայում ճգնաժամի հնարավոր հետևանքները, որոնք, ըստ նրա, հետևյալն են՝ գնաճ-աշխատավարձ- գնաճ-ինֆլյացիոն  վտանգի  աճ, արտաքին և  ներքին ներդրումների  նվազում, պետական պարտատոմսերի եկամտաբերության աճ, աղքատության  խորացում,  սոցիալական  լարվածության աճ:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ հաշվապահական հաշվառման և աւոդիտի ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., դոցենտ  Աշոտ Մաթևոսյանը: Զեկույցի ավարտից հետո ծավալվեց քննարկում: Քննարկման մասնակից տնտեսագետներից յուրաքանչյուրը տեղի ունեցածի վերաբերյալ իր մոտեցումները ներկայացրեց, հնչեցին ՀՀ արժութային քաղաքականությունը ճշգրտելու, փոխարժեքի քաղաքականությունը վերանայելու առաջարկներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին