ՀՊՏՀ-ականները դաստիարակվում են ռազմահայրենասիրական ոգով. ֆիլմի անդրանիկ ցուցադրություն՝ «Նժդեհ» ակումբի նախաձեռնությամբ

Դիտումների քանակ՝ 1194

ՀՊՏՀ «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբն ուսանողների համար այսօր կազմակերպել էր հայ ռազմաբժիշկներին նվիրված ֆիլմի ցուցադրություն. առիթը ՀՀ-ում ռազմաբժշկի  մասնագիտական տոնն էր, որը նշվում է նոյեմբերի 17-ին: Ինչպես նշեց ակումբի նախագահ Զավեն Խուկեյանը՝ ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվել է կառավարման ֆակուլտետի աշխատանքի տնտեսագիտություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Սերյոժա Ավետիսյանի առաջարկով:

Ֆիլմի հեղինակ Սերյոժա Ավետիսյանը նախ փոքրիկ զեկուցում ներկայացրեց, որը պատմում էր ռազմական բժշկի  առաքելության, նրա գործնական խնդրի, մասնագիտական առանձնահատկությունների և այլնի մասին: Հետաքրքրական էր պատերազմական իրավիճակներում ռազմաբժշկական ոլորտի աշխատակիցների գործառույթների ներկայացումը: Ելույթի ավարտից հետո ցուցադրվեց Արցախյան գոյամարտում հանուն հայրենիքի և զինվորի կյանքի համար պայքարող հերոս բժիշկներին նվիրված ֆիլմը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Սերյոժան նշեց, որ ֆիլմը հիմնված է փաստավավերագրական տվյալների վրա և այն համահավաք է, այսինքն՝ իրենից ներկայացնում է տարբեր ֆիլմերից վերցրված հատվածների ամբողջություն:

«Իմ նպատակն է ցույց տալ, թե  ռազմաբժշկական ոլորտի  աշխատակիցները ինչ անձնվեր աշխատանք են կատարում, հատկապես՝ պատերազմական իրավիճակներում: Տարբեր ֆիլմերից առանձնացրել և որպես մեկ ամբողջություն ներկայացրել եմ այն, ինչը լավագույնս է արտահայտում ռազմաբժիշկ մասնագետի էությունը: Ֆիլմը ներկայացնում է նաև այն հերոս կանանց, ովքեր բազմաթիվ կյանքեր են փրկել»,- ասաց Սերյոժա Ավետիսյանը` հավելելով, որ այս մասնագիտական տոնին նվիրված միջոցառումները եռօրյա են, կշարունակվեն նաև  առաջիկայում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին