ՀՊՏՀ-ում կայացավ առաջին ուսանողական ալիքի շնորհանդեսը. համալսարանում հյուրընկալվեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1160

ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի, ՀՊՏՀ պրոռեկտորների, դեկանների, դասախոսների և ուսանողների մասնակցությամբ կատարվեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի թարմացված կայքի և առաջին ուսանողական ալիքի շնորհանդեսը՝ համալսարանի ՈւԽ 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Ներկաներին ողջունեց ուսանողական խորհրդի լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ Հայկ Բեջանյանը, ով ներկայացրեց ՈւԽ թարմացված կայքը, բաժինները, խորագրերը, կայքում զետեղված «Առաջին ուսանողական ալիքը»: Առաջին ուսանողական ալիքի շնորհանդեսը նշանավորվեց առաջին հաղորդման ցուցադրությամբ, ներկայացվեց ալիքի լոգոտիպը:

Շնորհանդեսի ընթացքում տեղի ունեցավ  Վիքիպեդիան հայալեզու հոդվածներով հարստացնելու` «1-ը դարձնենք 100» նախագծի երկրորդ փուլի շնորհանդեսը: Ծրագրի համակարգող, ուսանողուհի Գոհար Հովհաննիսյանը ներկայացրեց ՈւԽ կողմից հայկական Վիքիպեդիայում տեղադրված հայալեզու հոդվածները՝ նշելով, որ «Մեկը դարձնենք հարյուր»-ի նախագծին մեր ուսանողների մասնակցության մեկնարկը տրվել է  այս տարվա սեպտեմբերին: Բացի ՀՊՏՀ զոհված ազատամարտիկների կյանքին, գործունեությանը նվիրված հոդվածներից,այս անգամ ուսանողական խորհրդի կողմից Վիքիպեդիան հարստացվել է նաև տնտեսագիտական հոդվածներով:

ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանը հանդես եկավ ելույթով՝  ՀՊՏՀ ուսանողներին բնութագրելով  որպես աշխատասեր ու նպատակասլաց: Նախարարը նշեց, որ առաջին ուսանողական տպագիր ամսագիրը ստեղծվել է 1999թ. Բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանում, իսկ երկրորդը եղել է ՀՊՏՀ-ինը (Ժողինստիտուտ):  «Այսօր ես ուրախ եմ, որ Տնտեսագիտական համալսարանը բացում է լրատվական կյանքի ուսանողական նոր տարբերակ, նոր էջ, ձև  և հուսամ, որ ուսանողների պրոֆեսիոնալիզմը կհերիքի, որ այս փորձը վարակիչ դառնա նաև մյուս բուհերի համար»,- ասաց կրթության և գիտության նախարարը՝ մաղթելով անխափան եթեր և ավելի շատ անդրադարձ հիմնախնդիրներին:

Անդրադառնալով  հայալեզու Վիքիպեդիան հարստացնելու արշավին՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նախ նշեց, որ նախագծում ընդգրկված են բազմաթիվ մարդիկ, ապա կարևորեց ՀՊՏՀ ուսանողների մասնակցությունը նախագծին: Նախարարը նաև շնորհավորեց ՀՊՏՀ Ուսանողական խորհրդին՝ 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Ողջույնի խոսքով հանդես եկան  ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը և ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը:

Սերգեյ Խառատյանն իր խոսքում  ընդգծեց, որ ուսանողական խորհրդի կյանքում օրը նշանակալի ու կարևոր է, շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին և ՀԵՀ-ին՝ միջոցառմանն աջակցելու համար: Սևակ Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ ՀՊՏՀ ուսանողական ալիքի ստեղծման գաղափարը եղել է դեռ տարիներ առաջ, և այսօր այն արդեն իրագործված է, ինչը նշանակում է, որ ամեն նոր սերունդ ավելի առաջադեմ է: «Սա լինելու է մի հարթակ, որտեղ յուրաքանչյուր ուսանող կարողանալու է իր խնդիրը բարձրաձայնել: Շնորհավորում եմ բոլորիս»,-ասաց նա:

Հավելենք, որ ՀՊՏՀ ՈւԽ պաշտոնական թարմացված կայքին, «Առաջին ուսանողական ալիքին» կարող եք ծանոթանալ այս հղումով՝ asue-sc.am :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին