ՀՊՏՀ գիտնականները մասնակցել են խորհրդաժողովի

Դիտումների քանակ՝ 1227

«Հայաստանի Հանրապետության կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության խթանման երկրի ռազմավարություն և գործողությունների ծրագիր» խորագրով այսօր կայացել է խորհրդաժողով, որին ՀՊՏՀ-ից հատուկ հրավերով մասնակցել են հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը ու կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ Լիանա Գրիգորյանը: Խորհրդաժողովը կազմակերպվել է ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ:

Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց դեկան Աշոտ Մաթևոսյանը՝ հավելելով, որ խորհրդաժողովի ընթացքում հնչել են հետաքրքիր զեկուցումներ, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվողականության բարեփոխումների Վիեննայի կենտրոնի ղեկավար, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Հենրի Ֆորթը հանդես է եկել «Հայաստանում կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության բարեփոխումների վերաբերյալ հիմնական առաջարկությունները և համաշխարհային հիմնական զարգացումները» զեկուցումով:

«Խորհրդակցության ընթացքում արծարծվել են հաշվապահական հաշվառման և աուդիտ մասնագիտության կրթության բարելավմանն ուղղված հարցեր: Ներկայացվել է միջազգային երկրների փորձը:  Ելույթների ավարտից  հետո  կայացել է բաց քննարկում, որի ժամանակ հանդես ենք եկել մեր դիտարկումներով: Մեր մասնակցությունը կարևոր էր հատկապես այն առումով, որ ես, Լիանա Գրիգորյանը ու նաև ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանը աուդիտորական ոլորտում բարեփոխումներ իրականացնող հայաստանյան գրասենյակի հիմնադիրներից ենք »,-ասաց Աշոտ Մաթևոսյանը:

Լիանա Գրիգորյանը կարևորեց նման խորհրդակցություններին մասնակցությունը, նշեց, որ դա նպաստում է լավագույն փորձի ուսումնասիրությանը և ներդրմանը:

Մասնակիցների  փոխանցմամբ՝ խորհրդաժողովին հայաստանյան բուհերից մասնակցել են ՀՊՏՀ-ն և ԵՊՀ-ն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին