Որակի շաբաթը մեկնարկեց ՀՊՏՀ-ում. ներկայացվեց «Արարատ» ծրագիրը

Դիտումների քանակ՝ 1203

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) դեկտեմբերի 1-5-ը հայտարարել է կրթության որակի ապահովման շաբաթ, որի մեկնարկն այսօր առավոտյան տրվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Որակի շաբաթվա ընթացքում մեր համալսարանում ներկայացվեց Տեմպուսի «Արարատ» ծրագիրը, որի համակարգողը ՀՊՏՀ-ն է:

Միջոցառմանը մասնակցում էին ՈԱԱԿ-ի  տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը,   որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, Հայաստանում «Էրազմուս պլյուս» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ  Գագիկ Մակարյանը, «Արարատ» ծրագրի անդամներ, դասախոսներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Պարույր Քալանթարյանը՝ նշելով, որ մոտենում է «Արարատ» ծրագրի եզրափակիչ փուլը, և պետք է ամփոփվեն կատարված աշխատանքները:  Պրոռեկտորը մեկնարկող որակի շաբաթին մաղթեց հաջող ընթացք և արդյունավետ աշխատանք: Ներկաներին ողջունեց նաև Ռուբեն Թոփչյանը, ով ընդգծեց «Արարատ» ծրագրի կարևորությունը: Համալսարան-գործատու կապի ամրապնդմանն անդրադառնալով՝ Ռուբեն Թոփչյանը նշեց, որ փոխգործակցության շրջանակում գործատուն պետք է ներկայացնի որակյալ մասնագետներ պատրաստելու պահանջները: Բուհական համակարգում կրթության որակի ապահովման գործընթացների մասին խոսեց Լանա Կառլովան՝ մասնավորապես անդրադառնալով համալսարան-գործատու կապին: Ներսես Գևորգյանը ներկայացրեց «Արարատ» ծրագրի նպատակները, խնդիրները՝ կարևորելով  և' համալսարանների, և' գործատուների ակտիվ գործունեությունը՝ համալսարան-գործատու կապի սերտացման, կրթության որակի բարձրացման  տեսանկյունից:

ՈԱԱԿ-ի ներկայացուցիչ Մկրտիչ Այվազյանը ներկայացրեց  «Համալսարան-աշխատաշուկա ազգային ցանցի» գործառույթները, բացատրեց դրա էությունը, որից հետո ծավալվեց քննարկում՝ հարց ու պատասխանի տեսքով:  Հնչեցին նաև այլ զեկուցումներ, մասնավորապես ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի համակարգող Նելսոն Մամուլյանը հանդես եկավ «Համալսարան-աշխատաշուկա համակարգող գործակալությունների գործառույթները որակավորումների սեկտորալ շրջանակների մշակման և կրթական ծրագրերի վերանայման գործընթացում» թեմայով, Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը՝              «Ուսանողների և շրջանավարտների մասնակցությունը և շահեկանությունը ծրագրի շրջանակներում» թեմայով, ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը խոսեց ցանցի աշխատանքներում  գործատուների ներգրավվածության, գործատու-համալսարան համագործակցության փոխշահավետության մասին, ՈԱԱԿ-ի ներկայացուցիչ Հայկ Դավեյանն անդրադարձավ ուսանողների ձեռքբերումների գնահատմանը սեկտորիալ որակավորումների տեսանկյունից:

«Կրթության որակն արդիական հիմնախնդիր է. այսօր աշխատաշուկան պահանջում է որակյալ կադրեր, իսկ այսօրվա կրթությունը ոչ միշտ է դա ապահովում: Այսօրվա քննարկումը կարևոր է այս դաշտում առկա բացերը, խնդիրները հայտնաբերելու, տեսնելու առումով: Ներկայացվեց նաև «Արարատ» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքը, ձեռքբերումները»,-մեզ հետ զրույցում նշեց ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին