«Բուհից աշխատաշուկա՝ 1 քայլ». բացվեց միջբուհական աշխատանքի տոնավաճառը, մասնակցել է նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1521

Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկեց «Բուհից աշխատաշուկա՝ 1 քայլ» խորագրով միջբուհական աշխատանքի տոնավաճառը, որին մասնակցում են ավելի քան 80 կազմակերպություններ, տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը միջոցառման կազմակերպիչներից է: Մասնակից ընկերություններն իրենց տաղավարներում ներկայացնում էին իրենց գործունեությանը, առաջարկվող աշխատատեղերին, պրակտիկաներին և այլ ծառայություններին առնչվող տեղեկություններ:

Աշխատանքի տոնավաճառի հանդիսավոր բացումը կատարվեց ԵՊՀ նախասրահում՝ բուհերի ռեկտորների, պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Բացման արարողությանը մասնակցում էր նաև ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Նախ հնչեց ՀՀ օրհներգը, ապա ելույթ ունեցան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Բացման հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցավ նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ իր խոսքում  կարևորելով  միջոցառման անցկացումը: Մեր համալսարանի ղեկավարը նշեց, որ ՀՊՏՀ-ն նախորդ տարի կազմակերպել էր աշխատանքի տոնավաճառ, սակայն այսօրվա աշխատանքի տոնավաճառը տարբերվում է իր ձևաչափով:

«Ես կարևորում եմ գործատուների հետ համալսարանների կապը, այն նպաստում է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի պատրաստման գործընթացին: Նշեմ, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն արդեն մի քանի տարի է՝ համագործակցում է պետական և մասնավոր հատվածի գործատուների հետ, համալսարան-գործատու կապն ամրապնդվում է»,-ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ միջոցառմանը մաղթելով հաջող և շարունակական ընթացք:

Կորյուն  Աթոյանը շրջեց տաղավարներով, եղավ ՀՊՏՀ տաղավարում, որը ներկայացնում էր Բրիտանական բիզնես դպրոցի  (ԲԲԴ) կրթական ծրագրերը, ուսումնառությանը վերաբերող տեղեկություններ: Մեր տաղավարը ներկայացնում էին ԲԲԴ-ի ներկայացուցիչ Լուսինե Դանիելյանը, ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը: Բրիտանական բիզնես դպրոցի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում ասաց, որ մեր համալսարանի տաղավարի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, հիմնական այցելուները երիտասարդներ են. «Ուշագրավ  է, որ ԲԲԴ-ն հնարավորություն է ընձեռում համատեղել կրթությունն ու աշխատանքը, քանի որ դասերը կազմակերպվում են ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին»,- ընդգծեց դպրոցի ներկայացուցիչը:

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը նշեց, որ այցելուներին տեղեկություններ են տրվում ԲԲԴ ընդունելության կարգի, կրթական ծրագրերի, վարձավճարի մասին: ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի պետի ժ/պ Էռնեստ Դավթյանը մեզ հայտնեց, որ մեր բուհը, որպես միջոցառման համակազմակերպիչ, մեծ աշխատանք է կատարել, մեկտեղել է գործընկեր մի շարք կազմակերպությունների, գործատուների:

Տոնավաճառի բացման արարողությունից հետո ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց ‹‹ՀՀ կրթական համակարգ և աշխատաշուկա. առկա խնդիրներն ու փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր›› խորագրով հանրապետական սեմինար-քննարկումը:

Հավելենք, որ Աշխատանքի տոնավաճառը կազմակերպել են ԵՊՀ-ն, Տնտեսագիտական, Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական, Հայաստանի ամերիկյան, Մանկավարժական, Ագրարային, Ճարտարագիտական, Ճարտարապետության և շինարարության համալսարանները: Տոնավաճառնն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աջակցությամբ: Աջակից է նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Լրացուցիչ տեղեկատվություն. ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ համաձայն 2014թ. մայիսի 27-ին  վերը նշված բուհերի ուսանողների կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների միջև ԵՊՀ-ում ստորագրված համագործակցության հուշագրի՝ յուրաքանչյուր տարի բուհերից մեկը պետք է կազմակերպի աշխատանքի տոնավաճառ գործընկեր բուհերի ուսանողների համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին