Մեր ուսանողները՝ ուժային եռամարտի մրցանակակիրներ

Դիտումների քանակ՝ 1262

Նոյեմբերի 15-ին ՀՊՃՀ մարզասրահում անց է կացվել Հայաստանի ուժային եռամարտի (պաուերլիֆտինգի) ֆեդերացիայի ՀՀ վաստակավոր մարզիչ Ռազմիկ Այվազյանի գավաթի առաջնությունը, որին ոչ միայն մասնակցել, այլև հաղթանակի դափնիների են արժանացել մեր համալսարանի  կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուանող Նարեկ Մադաթյան (1-ին մրցանակ) և ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Հենրիկ Գալստյանը (2-րդ մրցանակ), մարզիչն է ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Արման Գուլյանը:

Մեր ուսանողները մրցել են տարբեր քաշային կարգերում: Կքանիստ, պոկում կանգնած դրությունից, հրում պառկած դրությունից մրցաձևերում Նարեկ Մադաթյանը 82,5 կգ քաշային կարգում ցույց է տվել 475 կգ արդյունք, իսկ Հենրիկ Գալստյանը 60 կգ քաշային կարգում՝ 385 կգ արդյունք:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում առաջնության հաղթող Նարեկ Մադաթյանը նշեց, որ մարզաձևով սկսել է զբաղվել մեր համալսարանում, այս առաջնությանը մասնակցել է մարտականորեն տրամադրված, սակայն իր գրանցած արդյունքը գերազանցել է բոլոր սպասելիքները:

Իսկ մարզիչ Արման Գուլյանը նշեց, որ  այս մարզաձևում սա տղաների համար փորձամրցում էր, որը պատվով հաղթահարեցին: «Հաղթանակ նվաճելը դժվար է, սակայն ավելի դժվար է պահպանելը: Այս մեծ նվաճումը տղաները պետք է ամրապնդեն նորանոր հաղթանակներով, իսկ դրա համար անհրաժեշտ են համառ ու հետևողական մարզումներ»,- ասաց մարզիչը:

Շնորհավորում ենք Նարեկին ու Հենրիկին, ինչպես նաև Արման Գուլյանին և նորանոր հաջողություններ մաղթում նրանց:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին