Տնտեսագիտական համալսարանը և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն՝ գործընկերներ. ստորագրվեց համագործակցության հուշագիր (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1403

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ ՀՊՏՀ-ի և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության միջև համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողություն: Համագործակցության հուշագիրը ստորագրեցին ՀՊՏՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը և  «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: Հուշագրի ստորագրմանը ներկա էին բուհի պրոռեկտորները, դեկաններ, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, Ապահովագրական գործ մասնագիտության ավարտական կուրսերի  ուսանողներ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը հուշագրի ստորագրման արարողությանը նախ նշեց, որ օրը հիշարժան է, ապա հավելեց, որ որակյալ կրթության տրամադրման գործում անչափ կարևոր է աշխատաշուկայի դերը՝ հանձին գործատուի, և առանց աշխատաշուկայի պահանջների իմացության, համալսարանները չեն կարող որակյալ կրթական ծառայություններ մատուցել: Ռեկտորը հիշեցրեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն արդեն մի քանի տարի աշխատաշուկայի խոշոր գործատուների հետ, որոնք ներկայացնում են թե պետական, թե մասնավոր հատվածը, համագործակցաբար իրականացնում է մագիստրոսական համատեղ կրթական ծրագրեր:

Կորյուն Աթոյանն ընդգծեց, որ գործատուների հետ փոխգործակցությունը պայմանավորված է ոչ միայն վերջնարդյունքով, այսինքն զուտ այն հանգամանքով, որ համալսարանի շրջանավարտներն ապահովվեն աշխատանքով, այլև կարևորվում է գործատուների հետ համատեղ ամբողջ կրթական գործընթացի իրականացումը, ինչը ներառում է համագործակցության լայն դաշտ՝ կրթական ծրագրերի համատեղ կազմում, ավարտական աշխատանքների թեմաների ընտրություն, պրակտիկաների կազմակերպում:  Ռեկտորի խոսքով՝ այս պարագայում կունենանք ավելի որակյալ մասնագետներ: «Շնորհակալություն Ձեզ, պարոն Ալթունյան համագործակցության համար, և հուսով եմ, որ մեր համագործակցությունը լավ արդյունք կունենա, իսկ մեր լավագույն շրջանավարտներն էլ Ձեր ընկերությունում կապահովվեն աշխատանքով: Ես միշտ նշում եմ, որ մեր լավագույն ուսանողները երբեք առանց աշխատանքի չեն մնում, և դա իրականություն է»,-եզրափակեց համալսարանի ղեկավարը:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանն իր խոսքում մեջբերեց հանրապետության Նախագահի երեկվա հայտարարությունը ՏՏ ոլորտում նախագահական մրցանակների շնորհման ժամանակ և շարունակեց. ««ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի վաղվա կադրային համալրումը սկսվում է հենց այստեղ` ՀՊՏՀ-ում: Մենք պատրաստ ենք խորացնել մեր համագործակցությունը և վստահեցնում ենք, որ լավագույն ուսանողները միշտ կգտնեն իրենց մեր ընկերությունում»:

Այնուհետև Ապահովագրական գործ մասնագիտության ուսանողներն իրենց  երախտագիտությունը հայտնեցին բուհի ղեկավարությանը և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությանը և հղեցին իրենց հետաքրքրող հարցերը:

4-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ ընտրել է  Ապահովագրական գործ մասնագիտությունը, քանի որ այն զարգացող է, և ցանկանում է պրակտիկայի միջոցով հասկանալ՝ արդյո՞ք իր ստացած գիտելիքները համապատասխանում են  գործատուի պահանջներին:

ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ժ/պ, տ.գ.դ., պրոֆեսոր  Աննա Ասլանյանն իր ելույթում հույս հայտնեց, որ հուշագրում նշված բոլոր կետերը կիրականացվեն:

Մինչ արարողությունը ՀՊՏՀ ռեկտորն ու «Ինգո Արմենիա» ընկերության ղեկավարը ՀՊՏՀ ռեկտորի աշխատասենյակում քննարկեցին համագործակցության շրջանակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին