Շախմատի և վոլեյբոլի խաղերով մեկնարկեց «Ուսանողական աշուն-2014» մարզամշակութային փառատոնը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1079

ՀՊՏՀ-ում այսօր  մթնոլորտը մարզական էր. շախմատի և վոլեյբոլի (տղաներ, աղջիկներ) առաջնություններով  մեկնարկեց  «Ուսանողական աշուն-2014» մարզամշակութային  փառատոնը, որն անց է կացվում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ: Նշենք, որ այս տարի փառատոնը նվիրված է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի 20-ամյակին:

Առաջնություններին ներկա էին պրոֆեսորդասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ և ուսանողներ՝ ուսանողական խորհրդի գլխավորությամբ: Շախմատի առաջնությանը ներկա գտնվեց նաև համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ իր ներկայությամբ խրախուսելով խաղի մասնակիցներին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը կարևորեց բուհում միջֆակուլտետային մարզական խաղերի անցկացումը՝ նշելով, որ  դրանք նախապատրաստում են ուսանողներին միջբուհական խաղերին:

«Մասնավորապես, եկող տարի հոկտեմբերին Երևանում կայանալու է Եվրոպայի շախմատի  համալսարանական առաջնություն և շատ կարևոր է մեր հաջող  մասնակցությունն այդտեղ»,-ասաց ամբիոնի ղեկավարը: Վերջինիս փոխանցմամբ՝ այսօր շախմատի և  վոլեյբոլի աղջիկների առաջնությանը մասնակցում են  թիմեր 6 ֆակուլտետներից, իսկ տղաների վոլեյբոլի առաջնությանը՝ 7 թիմ՝ ՀՊՏՀ 6 ֆակուլտետներից և Եղեգնաձորի մասնաճյուղից:

Այսօրվա խաղերի արդյունքներն այս պահին հայտնի չեն, դրանք մենք կհրապարակենք քիչ ավելի ուշ:

Միջֆակուլտետային մարզական խաղերի անցկացման ծրագրի համաձայն, վաղը՝ նոյեմբերի 11-ին, տեղի կունենա բազկամարտի տղաների առաջնություն:

Նշենք, որ «Ուսանողական աշուն-2014» մարզամշակութային  փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 12-ին:

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին