Գիտաժողովի աշխատանքը շարունակվեց բաժանմունքներում

Դիտումների քանակ՝ 1195

«Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» ՀՊՏՀ տարեկան գիտաժողովի լիագումար նիստից և ընդմիջումից հետո գիտաժողովի աշխատանքային առօրյան շարունակվեց  բաժանմունքներում:

«ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունները» բաժանմունքի համակարգող, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչ Յուրի Սուվարյանի ողջույնի խոսքով սկսվեց նշյալ բաժանմունքի աշխատանքը: Նա մասնակիցներին մաղթեց հագեցած ու արդյունավետ գիտական լսումներ ու քննարկումներ: Նիստին ներկա էր ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանը:

Առաջինը ելույթ ունեցավ ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ասպիրանտ Անուշ Ազատյանը՝ «Արդյունաբերական քաղաքականության կիրառումը որպես երկրի տնտեսության զարգացման գրավական» թեմայով:

Երկրորդ՝  «Ֆինանսական շուկաներ և ենթակառուցվածքներ» բաժանմունքի համակարգող, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը ողջունելով իր բաժանմունքի մասնակիցներին՝ նշեց, որ նման գիտաժողովները դռներ են բացում հատկապես երիտասարդ հետազոտողների համար և ուղի են հարթում, որ նրանք հնարավորինս շուտ գտնեն իրենց տեղը գիտության ոլորտում:

Առաջին զեկուցողն էր ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտ Տարոն Վարազդատյանը, թեման՝ «Անբարեխիղճ մրցակցությունը որպես ձեռնարկատիրության զարգացման խոչընդոտ»:

«Միջազգային տնտեսական համագործակցություն և կրթության որակի ապահովում» բաժանմունքի աշխատանքները մեկնարկեցին բաժանմունքի համակարգող, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի ողջույնի խոսքով: Այնուհետև մասնակիցները սկսեցին ներկայացնել իրենց զեկուցումները:

Բաժանմունքների աշխատանքները կշարունակվեն հոկտեմբերի 30-31-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին