Բացվեց «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» խորագրով ՀՊՏՀ 24-րդ գիտաժողովը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1190

ՀՊՏՀ հանդիսությունների մեծ դահլիճում այսօր մեկնարկեց «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» խորագրով համալսարանի 24-րդ գիտաժողովը, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորները, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Գիտաժողովը հյուրընկալել էր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին:

«Համալսարանի այս տարվա գիտաժողովը տարբերվում է նախորդներից զեկուցումների ռեկորդային թվով՝ 230-ից ավելի զեկուցում ունենք, որոնք այս օրերին կհնչեն բաժանմունքներում»,- հայտարարեց գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և գիտաժողովը բացելու համար խոսքը տրամադրեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին և ընդգծելով, որ համալսարանական տարեկան գիտաժողովը մեկ հարկի տակ է համախմբել համալսարանական, գիտական և ակադեմիական շրջանակներին՝ Կորյուն Աթոյանը մասնավորապես նշեց. «Համաշխարհային զարգացումները և ներկա իրողությունները նոր մարտահրավերներ են պետությունների համար և պարտադրում են զարգացման  նոր լուծումներ: Հարափոփոխ աշխարհում կատարվող իրադարձություններն ու զարգացումներն իրենց անմիջական ազդեցությունն են ունենում նաև մեր երկրի զարգացման վրա, հետևաբար անհրաժեշտություն է դառնում տնտեսական զարգացման համար նոր մոտեցումների կիրառումը:

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014-2017թթ. ծրագիրը արձանագրում է բարենպաստ գործարար միջավայրի ձևավորումը ՝ որպես ներդրումների ներգրավման գրավական: Այս նպատակին հասնելու համար նախատեսված են մի շարք քայլեր, ընդգծված են առաջնահերթություն համարվող ոլորտներ»: Ռեկտորը նշեց, որ հայաստանյան տնտեսության բոլոր շերտերի և հիմնախնդիրների ամբողջ ներկապնակին մասնագիտական, փորձագիտական անդրադարձ կարվի այս եռօրյա գիտաժողովի շրջանակներում, մասնակիցների ուշադրության կենտրոնում են տասնյակ հարցեր, որոնք վերաբերում են մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գերակայություններին, ֆինանսական շուկաներին և ենթակառուցվածքներին, միջազգային տնտեսական համագործակցությանն ու կրթության որակի, ինչպես նաև կայուն զարգացման ապահովմանը: Կորյուն Աթոյանը ներկայացրեց նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գիտության զարգացմանը միտված քայլերը՝ ընդգծելով, որ բուհական գիտության զարգացման համար համալսարանը հատկացնում է սեփական միջոցների 3,7 տոկոսը: Ռեկտորի ելույթին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

ՀՊՏՀ ռեկտորի ելույթից հետո բացվեց լիագումար նիստը և խոսքը տրամադրվեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին, ով հանդես եկավ «Հայաստանի Հանրապետությունում գիտության ոլորտի բարեփոխումների վիճակը և հեռանկարները» զեկուցմամբ: Մինչ զեկուցումը՝ կոմիտեի նախագահը շնորհակալություն հայտնեց ռեկտոր Կորյուն Աթոյանին և համալսարանի կոլեկտիվին՝ նման գիտաժողով կազմակերպելու և իրեն հրավիրելու համար, ապա անդրադառնալով ՀՊՏՀ-ում գիտության զարգացմանը միտված քայլերին, որոնց մասին խոսեց ռեկտորն իր ելույթում, նշեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը այն քիչ բուհերից է, որտեղ ֆինանսական լուրջ ներդրումներ են արվում գիտության զարգացման համար: «Սա, իհարկե, պարոն Աթոյան, շատ գովելի փաստ է»,- ասաց Սամվել Հարությունյանը:

Կոմիտեի նախագահն իր զեկուցման մեջ ներկայացրեց գիտության պետական կոմիտեի ստեղծման պատմությունը, կոմիետի կայացման համար անհրաժեշտ պետական որոշումները, գործունեության տիրույթը, Հայաստանում գիտության զարգացման թիրախները՝ մինչև 2020թվականը, որոնց մեջ առանցքային է հայագիտության զարգացումը,  գիտության ոլորտի աշխատակիցների թվաքանակը, ֆինանսավորման ձևերը, պետական նպատակային ծրագրերը, կոմիտեում ստեղծված տվյալների բազան՝ շուրջ 29.000 գիտնականի մասին, 2008թվականից հետո հայաստանյան գիտական աշխատանքների հղումների քանակը, գերակայություններն ու միջազգային համագործակցությունը:

Լիագումար նիստի երկրորդ զեկուցումը՝ «Գիտական հետազոտությունների և ուսումնական գործընթացների ինտեգրման արդի հիմնախնդիրները» թեմայով գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանինն էր: Ընդարձակ զեկուցման մեջ պրոռեկտորն անդրադարձավ գիտական և կրթական գործընթացների փոխկապակցման և ինտեգրման անհրաժեշտությանը՝ մասնավորապես նշելով, որ բարձրագույն կրթության համակարգում գիտական հենքի բացակայությունը բերում է նրան, որ շրջանավարտները մրցունակ չեն լինում աշխատաշուկայում: Պրոռեկտորի խոսքով՝ գիտական և կրթական կառույցների մեկուսացումը միմյանցից նվազեցնում է երկուսի ներուժը: Գագիկ Վարդանյանն անդրադարձավ գիտական հետազոտություններն ուսումնական գործընթացին ավելի սերտ կապելու անհրաժեշտության մասին:

Լիագումար նիստն այսքանով ավարտվեց: Ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին ուղեկցեցին «Ամբերդ» հետազոտական կենտրոն, որտեղ ներկայացրեցին կենտրոնի գործունեությունը, ծրագրերը:

Այսօր ժամը 14.00-ից սկսած գիտաժողովն աշխատանքները կշարունակի բաժանմունքներում: Առաջիկա երեք օրերին աշխատանքները կընթանան հետևյալ 4 բաժանմունքներում՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունները», «Ֆինանսական շուկաներ և ենթակառուցվածքներ», «Միջազգային տնտեսական համագործակցություն և կրթության որակի ապահովում» և «Կայուն զարգացման ապահովում»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին