Համագործակցություն ՀՊՏՀ-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև

Դիտումների քանակ՝ 1594

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ունի նոր գործընկեր՝ Հայաստանի գործատուների հանրապետական միությունն  (ՀԳՀՄ) է: Այսօր ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և միության նախագահ Գագիկ Մակարյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում է ՀԳՀՄ անդամ կազմակերպությունների և համալսարանի միջև ինստիտուտցիոնալ կապերի հաստատում, համագործակցություն աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրման և դրանից բխող ուսումնական ծրագրերի և կրթական չափորոշիչների բարելավման ուղղությամբ՝ օգտագործելով նաև Տեմպուսի ծրագրերի տեխնիկական առաջադրանքները, համատեղ կլոր սեղանների, վերապատրաստումների, սոցիալ-տնտեսական տարբեր թեմաների շուրջ սեմինարների կազմակերպում՝ դասախոսների, ուսանողների, ինչպես նաև միության անդամ գործատուների մասնակցությամբ, գիտական հոդվածների հրապարակում, ինովացիոն ծրագրերի իրականացում:

ՀԳՀՄ-ն կաջակցի ՀՊՏՀ-ին ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաները միությունում և նրա անդամ կազմակերպություններում անցկացնելու, շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու գործում: ՀՊՏՀ կողմից ևս նախատեսվում են մի շարք քայլեր, ինչպես օրինակ՝ ՀՊՏՀ դասախոսների կողմից միությունում սեմինարների անցկացում, միության կողմից աշխատաշուկայի ուսումնասիրման ժամանակ ՀՊՏՀ ուսանողների մասնակցության ապահովում: Համագործակցությունը թվարկածով չի ավարտվում, համաձայնագիրը նախատեսում է փոխգործակցության այլ ուղղություններ ևս:

ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը ռեկտոր Կորյուն Աթոյանին հայտնեց, որ իրենք հետաքրքրված են նաև ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, հետագայում նաև՝ Բրիտանական բիզնես դպրոցի հետ համագործակցությամբ:

Համաձայնագրի ստորագրումից հետո ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանն այցելեց «Ամբերդ» հետազոտական կենտրոն, որտեղ կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն Վարդան Աթոյանը համառոտ ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, նրան նվիրեց «Ամբերդ» մատենաշարի օրինակներ, ինչպես նաև իր հեղինակած «Ազգային անվտանգության հետազոտություններ» (դասախոսություններ) գիրքը: Խոսվեց նաև կենտրոնի հետ համագործակցության հնարավորությունների մասին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին