Համալսարանի առօրյայում կարևոր է մարզամշակութային կյանքը. ՀՊՏՀ ռեկտորը՝ «Ուսանողական աշուն-2017»-ի մեկնարկի առիթով (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1737

Ուսանողական ժամանցային ամենագունեղ միջոցառումն սկսված է. շախմատի առաջնությամբ այսօր մեկնարկեց ՀՊՏՀ «Ուսանողական աշուն-2017» մարզամշակութային փառատոնը: Ամենամյա փառատոնն իրականացվում է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և համալսարանի ղեկավարության աջակցությամբ:

Այժմ ընթանում է շախմատի առաջնությունը, արդյունքները կամփոփվեն երեկոյան: Փառատոնի մեկնարկը շնորհավորելու և մտքի խաղի մասնակիցներին ողջունելու էին եկել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը, ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը: Շախմատիստներին խորհրդանշական խաղով ոգևորեցին ՀՊՏՀ ռեկտորը, պրոռեկտորը և դեկանը:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքով՝ համալսարանական առօրյայում աննախադեպ մեծ կարևորություն ունի մարզամշակութային կյանքը, որը ուսանողների օրը ավելի բովանդակալից է դարձնում: Եվ այս տեսանկյունից համալսարանի ղեկավարը միշտ պատրաստակամ է խրախուսելու այսօրինակ նախաձեռնությունները: «Որպես բուհի ռեկտոր՝ ես միշտ ուսանողների կողքին եմ և աջակցում եմ այսպիսի նախաձեռնություններին, որովհետև կարևորում եմ ոչ միայն որակյալ կրթությունը, այլև մարդու բազմակողմանի զարգացած լինելու հանգամանքը»,-նշեց Կորյուն Աթոյանը:

Միջացառման շրջանակում կանցկացվեն 7 մարզական առաջնություններ, ՈւՀԱ, երգի, պարի և ինտելեկտուալ մրցույթներ: Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ այս տարի փառատոնին մասնակցում է նաև ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի թիմը: Այսպիսով, մեկ ամիս՝ նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 15-ը մարզամշակութային մրցասպարեզում հաղթողի կոչման համար կպայքարեն 7 թիմեր:

Նշենք, որ մարզական առաջնությունների կազմակերպանն ու անցկացմանը գործուն աջակցություն է ցուցաբերում ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնը:

Ավանդաբար անցկացվող փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը նախատեսվում է նոյեմբերի 20-ին:

Փառատոնին մաղթում ենք անխափան ընթացք, մասնակիցներին՝ արագամտություն ու ստեղծարարություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին