Բաց դաս՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում

Դիտումների քանակ՝ 1093

Ապրիլի  11-ին  հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի աուդիտ մասնագիտացման մագիստրատուրայի  1-ին կուրսում անցկացվեց բաց դաս, որը վարեց հատուկ հյուր՝  «Արցախբանկ»  ՓԲԸ խորհրդի նախագահի խորհրդական Արթուր Ճորուխյանը: Վերջինս ՀՊՏՀ էր հրավիրվել նշված ֆակուլտետի դեկանի կողմից:

Դասին մասնակցում էին կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ  Լիանա Գրիգորյանը, դեկանի տեղակալ Սոնա Ղազարյանը, դասախոս Վահան Բաբայանը, ուսանողներ:

Վահան Բաբայանը ուսանողներին ներկայացրեց հյուրին՝ նշելով , որ նա Տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ է, զբաղեցրել է մի շարք պաշտոններ, բանկային աուդիտի ոլորտում  մեծ փորձ ունի:

Արթուր Ճորուխյանը, սկսելով դասը,  նախ կարևորեց տեսական գիտելիքների կարևորությունը, ապա՝ գործնականում դրանք կիրառելու ունակությունը: Նա ներկայացրեց Հայաստանում բանկային համակարգի ձևավորման և զարգացման պատմությունը,  խոսեց  բանկային աուդիտի առաջաջացման, աուդիտի տեսակների (ներքին և արտաքին), աուդիտի էության, նպատակների, խնդիրների և այլնի մասին: Նշենք, որ դասն անցավ  ինտերակտիվ մթնոլորտում. ուսանողները պատասխանում էին բանախոսի հարցերին և հարցադրումներ անում՝ ստանալով դրանց պատասխանները: Դասի ավարտին Արթուր Ճորուխյանը գոհունակություն հայտնեց դասախոսներին՝ պատրաստված ուսանողներ կրթելու համար:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում դեկան Աշոտ Մաթևոսյանն ընդգծեց, որ իրենց ֆակուլտետում կարևորվում է համապատասխան ոլորտի  փորձառու հյուրերի մասնակցությամբ դասերի անցկացումը:

«Փորձում ենք  ուսանողներին գիտելիքները լրացնել  նաև  հատուկ հյուրերի (մասնագետների) փորձը ներկայացնելով նրանց: Մասնավորապես, այս դասի հյուրը  ներկա է եղել մեր երկրում աուդիտի համակարգի ձևավորմանը, ուստի, հրավերը պատահական չէր: Նմանատիպ դասերի միջոցով  նաև ուսանող- գործատու  կենդանի շփում է ստեղծվում: Նմանաբնույթ հանդիպումներ կկազմակերպվեն նաև առաջիկայում»,-ասաց դեկանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին