Բաց դաս՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում
Ապրիլի 11-ին հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի աուդիտ մասնագիտացման մագիստրատուրայի 1-ին կուրսում անցկացվեց բաց դաս, որը վարեց հատուկ հյուր՝ «Արցախբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահի խորհրդական Արթուր Ճորուխյանը: Վերջինս ՀՊՏՀ էր հրավիրվել նշված ֆակուլտետի դեկանի կողմից:
Դասին մասնակցում էին կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ Լիանա Գրիգորյանը, դեկանի տեղակալ Սոնա Ղազարյանը, դասախոս Վահան Բաբայանը, ուսանողներ:
Վահան Բաբայանը ուսանողներին ներկայացրեց հյուրին՝ նշելով , որ նա Տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ է, զբաղեցրել է մի շարք պաշտոններ, բանկային աուդիտի ոլորտում մեծ փորձ ունի:
Արթուր Ճորուխյանը, սկսելով դասը, նախ կարևորեց տեսական գիտելիքների կարևորությունը, ապա՝ գործնականում դրանք կիրառելու ունակությունը: Նա ներկայացրեց Հայաստանում բանկային համակարգի ձևավորման և զարգացման պատմությունը, խոսեց բանկային աուդիտի առաջաջացման, աուդիտի տեսակների (ներքին և արտաքին), աուդիտի էության, նպատակների, խնդիրների և այլնի մասին: Նշենք, որ դասն անցավ ինտերակտիվ մթնոլորտում. ուսանողները պատասխանում էին բանախոսի հարցերին և հարցադրումներ անում՝ ստանալով դրանց պատասխանները: Դասի ավարտին Արթուր Ճորուխյանը գոհունակություն հայտնեց դասախոսներին՝ պատրաստված ուսանողներ կրթելու համար:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում դեկան Աշոտ Մաթևոսյանն ընդգծեց, որ իրենց ֆակուլտետում կարևորվում է համապատասխան ոլորտի փորձառու հյուրերի մասնակցությամբ դասերի անցկացումը:
«Փորձում ենք ուսանողներին գիտելիքները լրացնել նաև հատուկ հյուրերի (մասնագետների) փորձը ներկայացնելով նրանց: Մասնավորապես, այս դասի հյուրը ներկա է եղել մեր երկրում աուդիտի համակարգի ձևավորմանը, ուստի, հրավերը պատահական չէր: Նմանատիպ դասերի միջոցով նաև ուսանող- գործատու կենդանի շփում է ստեղծվում: Նմանաբնույթ հանդիպումներ կկազմակերպվեն նաև առաջիկայում»,-ասաց դեկանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին