Ռուսական պոեզիային նվիրված ցերեկույթ՝ ՀՊՏՀ-ում (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1184

ՀՊՏՀ մեծ դահլիճն այսօր համախմբել էր բուհի արվեստասերներին. տեղի  ունեցավ սիրո, ներշնչանքի ու պոեզիայի ցերեկույթ՝ «Да святится имя Твое!» («Թող սրբանա անունը Քո») խորագրով: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՊՏՀ հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ, մասնակցում էին  պրոռեկտորներ Գագիկ Վարդանյանն ու Միհրդատ Հարությունյանը, դեկաններ, դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ, ինչպես նաև հատուկ հյուրեր՝  Հայաստանի Հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվո» -ի ներկայացուցչությունից:

Միջոցառման մուտքն ազդարարեց հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի դասախոս Ելենա Կարապետյանը, ով ողջունելով հյուրերին, նշեց, որ կանանց գարնանային տոներին նվիրված ռուսական պոեզիայի ցերեկույթը նպատակ ունի տոն պարգևելու համալսարանի աշխատակիցներին:

Մեր համալսարանի շնորհալի ուսանողները ներկայացրեցին 19-20-րդ դարերի ռուս գրողների ու բանաստեղծների՝ սիրուն և  կանանց նվիրված  ստեղծագործությունները, նամակները, կատարեցին նաև երգեր (ռոմանսներ): Սկզբում խոսվեց սիրո բարեխոս Սուրբ Վալենտինի մասին, ներկայացվեցին  նրա անվան շուրջ հյուսված պատմություններն ու զրույցները:Ապա ուսանողները ներկայացրեցին Պուշկինի և Գոնչարովայի, Աննա Ախմատովայի և  Գումիլյովի, Բլոկի և Մենդելեևայի և ռուս գրականության մի քանի այլ  ներկայացուցիչների սիրային պատմությունները, դրանց ձոնված ստեղծագործությունները: Միջոցառումն ընթանում էր ուշագրավ տեսաշարով, իսկ բեմահարթակի յուրահատուկ ձևավորումը գրավիչ միջավայր էր ստեղծել: Եզրափակելով ներկայացվող պատմությունների ու ստեղծագործությունների շարքը՝ ուսանողները բոլորին բարեմաղթեցին երջանիկ լինել, սիրել ու փոխադարձորեն սիրվել, կոչ արեցին չբաժանվել սիրելիներից:

Միջոցառման ավարտին Հայաստանի Հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվո» -ի ներկայացուցչության ռուսաց լեզվի բաժնի ղեկավար  Նատալիա Երոմենկոն շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, բուհի ղեկավարությանը՝ գեղեցիկ միջոցառման, շնորհալի և խելացի ուսանողներ կրթելու համար, ապա օգտվելով առիթից՝ շնորհավորեց բոլոր կանանց և աղջիկներին ՝ միամսյակի կապակցությամբ: Նատալիա Երոմենկոն ՀՊՏՀ ռուսաց լեզվի դասախոս Ելենա Կարապետյանին հանձնեց շնորհակալագիր՝ կրթական-մշակութային ակտիվ գործունեության  համար:

Հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Մարի Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ցերեկույթը ոչ միայն ռուս գրականությանը նվիրված միջոցառում է, այլև ռուսաց լեզվի յուրատեսակ արժևորում ու գնահատում: «Չէ՞ որ մշակույթի ճանաչումը բերում է լեզուն սիրելուն, գնահատելուն»,- ասաց նա:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին