«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության ներկայացուցիչը՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1231

Կարիերայի և մարքեթինգի կենտրոնի նախաձեռնությամբ երեկվանից սկսված   անցկացվող սեմինար-դասընթացի շրջանակներում այսօր ՀՊՏՀ-ում էր «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանը,  ով վարեց այսօրվա սեմինարը:

Կարիերայի և մարքեթինգի կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Էռնեստ Դավթյանը ներկայացրեց հյուրին, ապա խոսքը փոխանցեց նրան:

Լուսինե Գևորգյանը  ուսանողներին ներկայացրեց  իրենց ընկերության կողմից  իրականացվող երիտասարդական մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են բացահայտելու խելացի, աշխատասեր և ակտիվ երիտասարդներին (ուսանողներին): Խոսվեց հատկապես  ընկերության անվանական կրթաթոշակների, ուսումնական պրակտիկայի և ստաժավորման, «Ապագայի գործակալ»  մրցույթի և այլ ուսանողական ծրագրերի, դրանց դիմելու կարգի  մասին: Ընկերության ներկայացուցիչն  ընդգծեց, որ Տնտեսագիտական համալսարանի ուսանողներից շատերն արդեն հաղթող են ճանաչվել տարբեր մրցույթներում և արժանացել պարգևների, նրանցից  շատերը պոտենցիալ կադրեր են: Այնուհետև հատուկ հյուրն անդրադարձավ ինքնակենսագրական գրելու առանձնահատկություններին, լուսապատկերի միջոցով հանգամանորեն ներկայացրեց հաջող հարցազրույցի  մասնակցելու հմտությունները, գործատուի մոտ լավ տպավորություն թողնելու գաղտնիքները: Ինչպես նշեց  մասնագետը, հարցազրույցի  ներկայանալիս շատ կարևոր է առաջին տպավորությունը, այս առիթով արտահայտեց իր դիտարկումները: Սեմինարավարը մեջբերեց Կոկո Շանելի հանրահայտ մտքերից մեկը՝ «Դուք երբեք չեք ունենա առաջին տպավորություն թողնելու երկրորդ հնարավորությունը»:

Հիշեցնենք, որ նմանատիպ սեմինարներն ացկացվում են պարբերաբար, միտված են աջակցելու աշխատանք փնտրող ուսանողներին: ՀՊՏՀ ուսանողների մի ստվար հատված արդեն մասնակցել է կարիերայի և մարքեթինգի կենտրոնի կազմակերպած այս դասընթացներին, և ինչպես նրանք  նշում են, այն հետաքրքիր և արդյունավետ է, ուսանողների հետաքրքրությունը մեծ է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին