Քննարկում ՀՊՏՀ-ում՝ օտարերկրացի պրոֆեսորի մասնակցությամբ

Դիտումների քանակ՝ 1347

ՀՊՏՀ միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում այսօր տեղի ունեցավ հանդիպում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և Ամստերդամի «VU»  համալսարանի տարածաշրջանային տնտեսագիտության և տնտեսական աշխարհագրության  պրոֆեսոր, «Եվրոպայի տարածաշրջանային գիտության ասոցիացիայի» նախկին նախագահ  Փիթեր Նիջքեմբի հետ: Վերջինս Հայաստան է եկել «Տարածաշրջանային գիտության  միջազգային ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության միջոցով  և «Գյուլբենկյան հիմնադրամի» ֆինանսավորմամբ: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ քննարկում՝ «Միգրացիայի ազդեցության գնահատումը. նոր հորիզոններ» թեմայով: Մասնակցում էին գիտության և արտաքին կապերի  գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ՀՊՏՀ դասախոսներ, աշխատակիցներ, «Տարածաշրջանային գիտության  միջազգային ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցիչները:

Գագիկ Վարդանյանը, ողջունելով մասնակիցներին, Փիթեր Նիջքեմբին  ներկայացրեց ՀՊՏՀ պրոֆեսորներին և աշխատակիցներին, նշեց, որ պրոֆեսորի  այցը  հաճելի և կարևոր է, քանի որ քննարկման թեման մեծ հետաքրքրություն է ներկայացնում, բացի դրանից, գիտնականների միջև համագործակցության նոր եզրեր են ստեղծվում:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտորը պրոֆեսորին ամփոփ ներկայացրեց նաև բուհի գիտահետազոտական գործունեությունը, նշելով, որ հատկապես վերջին շրջանում այն բավականին արդյունավետ է:

Ինչպես նշեց  Փիթեր Նիջքեմբը, հանդիպումներ է ունեցել Հայաստանի մի շարք բուհերում, հերթականը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն էր:

Խոսելով հանդիպումների նպատակի մասին, այն է՝ գիտելիքների, փորձի փոխանակում, Նիջքեմբը կարևորեց տարբեր երկրների գիտնականների միջև համագործակցությունն ու փոխշահավետ շփումները: Նա նշեց. «Շատ երկրներ ունեն գիտական մեծ ներուժ, որը, սակայն, ոչ միշտ է հաջողվում ճիշտ օգտագործել: Մեր առաքելությունն է՝ օգնել գիտնականներին  արդյունավետ գործունեություն իրականացնել, կիսվել  մասնագիտական փորձով, ստեղծել գործունեության նպաստավոր միջավայր»:

Պրոռեկտոր Վարդանյանը նշեց, որ երկուստեք կա համագործակցության մեծ  հեռանկարներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին