Ուսանողներն այցելեցին Հայաստանի բնության պետական թանգարան

Դիտումների քանակ՝ 1464

ՀՊՏՀ  տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի  ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և բնօգտագործման տնտեսագիտության  ամբիոնի աջակցությամբ այսօր ֆակուլտետի 1-ին և 2-րդ կուրսի (բակալավրիատի) ուսանողներն այցելեցին Հայաստանի բնության  պետական թանգարան:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ Սուրեն Գևորգյանը կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը և նշեց, որ բացի տեսական դասընթացներից, ուսանողները պետք է զարգացնեն նաև գործնական գիտելիքները:

«Մեր ֆակուլտետի ուսանողական խորհրդի նմանօրինակ նախաձեռնությունները ողջունելի են, դրանք հետաքրքիր են դարձնում ուսանողների առօրյան, լրացնում են նրանց գիտելիքները: Մեր ամբիոնը խրախուսում է այս տիպի այցելությունները, ամեն կերպ աջակցում դրանց կազմակերպմանը, քանի որ դրանք մասնագիտական ուղղվածություն ունեն: Առաջիկայում ևս նախատեսում ենք տարբեր միջոցառումներ»,-ասաց պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը:

ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանի փոխանցմամբ՝ ուսանողներն  այցից տպավորված են, թանգարանում մանրամասն  ծանոթացել են ՀՀ բուսական ու կենդանական աշխարհին, Կարմիր գրքում տեղ գտած բույսերին ու կենդանիներին:

«Քանի որ այցը հաճելի և արդյունավետ էր, նախատեսում ենք կրկին կազմակերպել, այս անգամ դեպի  մեկ այլ վայր, որպեսզի ապահովենք հետաքրքրություն և բազմազանություն: Ուսանողական խորհուրդը փորձում է նպաստել  ուսանողների արդյունավետ ուսումնառությանը »,- նշեց  ֆակուլտետի ուսխորհրդի նախագահը:

Թանգարանում էքսկուրսավարը ուսանողներին  փոխանցել է Հայաստանի բնության մասին մի շարք տեղեկություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին