«ՀՀ մտավոր սեփականության շուկայի կարգավորման հիմնախնդիրները» թեմայով «բաց դաս»

Դիտումների քանակ՝ 1198

ՀՊՏՀ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի  մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտացման  մագիստրատուրա 1-ին կուրսում այսօր  կազմակերպվել էր  «բաց դաս»՝ «ՀՀ մտավոր սեփականության շուկայի կարգավորման հիմնախնդիրները»  թեմայով, որը նախաձեռնել էր մակրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոս, տ.գ.թ., դոցենտ Ծովինար Կարապետյանը: Դասախոսը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին փոխանցեց, որ թեման առաջարկել են ուսանողները՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դասերի ընթացքում շատ քիչ առիթներ են լինում դրան անդրադառնալու:

«Նմանատիպ  դասերի կազմակերպումը մեր ամբիոնում հաճելի ավանդույթ է դարձել: Բաց դասերի հաճախակի անցկացմամբ մենք առաջին հերթին  նպատակ ունենք նպաստել ուսանողների ստեղծարար հմտությունների, ինչպես նաև թիմում աշխատելու ունակությունների զարգացմանը», -մեզ հետ զրույցում նշեց Ծովինար Կարապետյանը:

Ուսանողները հետաքրքիր օրինակների վրա ցույց տվեցին մտավոր սեփականության իրավունքի մի շարք խախտումներ, խոսեցին  թեմային առնչվող մի շարք հարցերի մասին: Դասի  շրջանակներում  մասնավորապես անդրադարձ եղավ հետևյալ թեմաներին՝ մտավոր սեփականության ոլորտի ընդհանուր բնութագիրը, պաշտպանության անհրաժեշտությունն ու տեսակները, հեղինակային իրավունքի ծագման հիմունքներն ու առանձնահատկությունները, ՀՀ մտավոր սեփականության շուկայի ցուցանիշների վերլուծություն, ոչ նյութական ակտիվներ, մտավոր սեփականության օբյեկտի իրավունքի պաշտպանության խախտման օրինակներ ՀՀ-ում, դատավարություն հեղինակային իրավունքի շուրջ, ԱՄՆ-ի և Ճապոնիայի կազմակերպություններում ինովացիոն քաղաքականության իրացումը:

«Բաց դասի»  ավարտին, մագիստրանտների ծափողջյուններն ու գոհունակությունը փաստում էին այն մասին, որ թեման ճիշտ էր ընտրված, նրանց խոսքերով՝ արդիական էր, ուսանողները լավ էին պատրաստվել,  նյութերը մատուցել՝ հետաքրքիր եղանակով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին