Մագիստրոսական ևս մեկ կրթական ծրագիր. ՀՊՏՀ հերթական պայմանագիրը ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ է

Դիտումների քանակ՝ 890

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն օրերս գործատուների հետ համագործակցության շրջանակներում մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման հերթական պայմանագիրն է ստորագրել: Պայմանագիրը ստորագրվել է մեր բուհի և  Հայաստանի  Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի միջև: Սույն համագործակցության պայմանագրով մեր համալսարանում  կիրականացվի «Ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարում»  մասնագիտացմամբ մագիստրոսական կրթական ծրագիր:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, անդրադառնալով այս պայմանագրին, շեշտեց, որ մեր բուհը գործատուների հետ իրականացվող մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնելու մասին պայմանագրեր է կնքել մի շարք պետական և մասնավոր կառույցների հետ:

«Արդեն համագործակցության նման պայմանագրեր ունենք 6 կառույցների հետ, որոնց արդյունքում մեր բուհում իրականացվում է 8 մագիստրոսական ծրագիր: Այդ կառույցներն են  ՀՀ պետեկամուտների կոմիտեն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, բնապահպանության նախարարությունները, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, պետգույքի կառավարման վարչությունն ու ՀՀ բանկերի միությունը: Սա, փաստորեն, համագործակցություն է 7-րդ կառույցի հետ: Այս ամբողջի նպատակը հատուկ գործատուների համար մասնագետ-կադրեր պատրաստելն է: Մագիստրոսական ծրագրերը մեր համալսարանն իրականացնում է տվյալ կառույցների հետ համատեղ՝ նրանց հետ քննարկելով ու համաձայնեցնելով ուսումնական պլանները, առարկայական ծրագրերն ու մագիստրոսական թեզերի թեմաները»,- ասաց համալսարանի ռեկտորը:

Այս կրթական ծրագիրը պետք է իրականացվի բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի կողմից, ինչի առիթով զրուցեցինք նաև ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Գևորգյանի հետ: «Մեր ամբիոնը գտնում է, որ բակալավրիատից հետո մագիստրոսական կրթությունը պետք է լինի նոր մասնագիտացումներով: Մենք ընտրել ենք այդ ռազմավարությունը: Նույն անվանումով երկու կրթաձևերի` բակալավրիատի և մագիստրատուրայի առկայությունն անիմաստ է: Մենք արդեն կնքել ենք 2 համաձայնագիր,  որը համագործակցության լայն դաշտ է բացում:

Համագործակցությունն արդյունավետ է և ամրապնդում է բուհ-գործատու կապը: Առավելություններից մեկն այն է, որ իրենց մասնագետները դասավանդում են մեր բուհում, այնուհետև շրջանավարտներից իրենց համար կադրեր են ընտրում»,- ասաց Սուրեն Գևորգյանը՝ հավելելով, որ նման մոտեցումը ողջունելի է և ցանկալի է, որ այդ  ուղղությամբ աշխատեն նաև մյուս ամբիոնները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին