ՈւՄԵՖ-ի պրոֆեսորը՝ առաջնորդության և կառավարման հարցերի շուրջ

Դիտումների քանակ՝ 2190

ՀՊՏՀ և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի համատեղ «Գործարար կառավարում» մագիստրոսական ծրագրի ուսանողներին դասավանդելու նպատակով մեր համալսարանում է շվեյցարական բուհի պրոֆեսոր Սալվատորե Մոչիան: Գիտության և ասպիրանտուրայի բաժնի նախաձեռնությամբ՝ ՀՊՏՀ ավագ կուրսերի ուսանողների անգլերենի և մասնագիտական իմացությունը բարձրացնելու նպատակով, ժամանած պրոֆեսորները դասախոսություններ են կարդում նաև նրանց համար. Սալվատորե Մոչիան այսօր ներկայացրեց «Առաջնորդում և խմբերի կառավարում» թեման:

Հանդիպմանը մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը:

Ողջույնի խոսքում Գագիկ Վարդանյանն ուսանողներին հորդորեց ակտիվորեն մասնակցել շվեյցարական համալսարանի ներկայացուցիչների հետ հանդիպումներին և համոզմունք հայտնեց, որ դրանք նպաստելու են գիտելիքների համալրմանը:

Դասախոսության ընթացքում Սալվատորե Մոչիան վերլուծեց թիմային աշխատանքի և մարդկային խմբերի կառավարման առանձնահատկությունները: Նրա մեկնաբանությամբ՝ մերօրյա կազմակերպությունների, ընկերությունների առաջընթացի հիմքում հենց թիմային աշխատանքն է, բայց պակաս կարևոր չէ նաև կառավարչի դերը, որն իր հերթին պայմանավորում է ընդհանուր աշխատանքի արդյունքը: Դասախոսը նկատեց՝ պատահական չէ, որ այսօր գործատուներն ընտրում են խմբային աշխատանք կատարելու, հաղորդակցային հմտություններ ունեցող  և պատշաճ վարքագիծ  դրսևորող, հավասարակշռված անձանց:

Պրոֆեսորն առանձնահատուկ դիտարկեց այն աշխատանքային մեթոդները, որով պետք է ուղղորդվի առաջնորդը, կառավարիչը:

ՈւՄԵՖ-ի պրոֆեսորների առաջիկա դասախոսությունների մասին կծանուցենք ՀՊՏՀ պաշտոնական կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին