ՀՊՏՀ ներքին գիտական դրամաշնորհների շրջանակներում շարունակվում է տնտեսական արդի թեմաների քննարկումը

Դիտումների քանակ՝ 1030

Այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի ունեցան ներքին գիտական դրամաշնորհների հերթական շնորհանդեսները, որոնց  մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, դասախոսներ, ուսանողներ:

Գագիկ Վարդանյանը, ներկայացնելով առաջին թեման, կարևորեց տեղեկատվական տեխնոլոգիաների դերը մեր դարաշրջանում:

Առաջին շնորհանդեսը «ՀՀ առևտրային ցանցերում հաշվապահական հաշվառման մոնիթորինգի տեղեկատվական համակարգի կառուցման և ներդրման գիտամեթոդական լուծումները» թեմայով էր: Միջամբիոնային հետազոտության   թեմայի ղեկավար, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանը ներկայացրեց հետազոտության հիմնական մասերը, խոսեց դրա նպատակի և կիրառական արժեքի  (կիրառվում է հաշվապահության և աուդիտի ոլորտում), ինչպես նաև հետազոտությունից ակնկալվող արդյունքների մասին : Հետազոտական խմբի մյուս անդամներ տ.գ.թ.,դոցենտներ  Ալվարդ Սարգսյանը, Լիանա Գրիգորյանը և տ.գ.թ. Լևոն Սահակյանը ներկայացրեցին իրենց կատարած հետազոտությունները:

Խումբը ներկայացրեց «Հաշվապահական մոնիթորինգի տեղեկատվական համակարգ» ծրագիրը: Խոսվեց հաշվապահական հաշվառման տեղեկատվության նվազագույն պահանջների, ապրանքային պաշարների մնացորդի հաշվառման մոտեցումների և այլնի մասին, ներկայացվեցին  ապրանքային մնացորդի, դրամական միջոցների և դեբիտորական պարտքերի հաշվառման հաշվարկային բանաձևերը: Վարդան Սարգսյանի փոխանցմամբ`հետազոտության ինքնատիպությունն այն է, որ կատարվել է լուրջ թիմային աշխատանք, որի կարևորությունն այն է, որ մեկը լրացնում է մյուսին:

Հաջորդ շնորհանդեսը  «Արդյունաբերական քաղաքականության իրականացումը որպես ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացման գործոն» թեմայով էր, որի ղեկավար, միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ տ.գ.դ, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը կարևորեց գիտական սեմինարների կազմակերպումը և ուսանողների մասնակցությունը: Նա մասնավորապես նշեց. «Սեմինարներին մասնակցելով` պետք է կարողանանք համակողմանիորեն ընկալել տնտեսական արդի հիմնախնդիրներին վերաբերող տեղեկությունները, դասախոսները պետք է  ապահովեն տեղեկություների տրամադրման հարթակը (սեմինարների կազմակերպումը):

Ղեկավարը ներկայացրեց  հետազոտության առանձին ոլորտները`կոնյակագործություն, ճշգրիտ ճարտարագիտություն, շինանյութերի արդյունաբերություն, քիմիական արդյունաբերություն և այլն: Միքայել Մելքումյանը ներկայացրեց գործողությունների իրականացման ծրագիրը, արդյունաբերությունը ՀՆԱ-ում, ՀՆԱ-ի իրական աճը` ըստ տնտեսության ճյուղերի և թեմային առնչվող մի շարք հարցեր: Վերջում խոսեց եզրահանգումների, ասելիքների ու առաջարկների մասին:

Ամբիոնային հետազոտության շնորհանդեսը շարունակեցին միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման  ամբիոնի դասախոս Մարգարիտ Ավետիսյանը, նույն ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ֆրիդա Բահարյանը, ասպիրանտ Հասմիկ Հովակիմյանը,  ասիստենտ, տ.գ.թ. Ազատ Քալանթարյանը:

Նրանցից յուրաքանչյուրն ամփոփ ներկայացրեց իր կատարած հետազոտությունը, հանդես եկավ դրա վերաբերյալ  առաջարկություններով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին