«ՀՊՏՀ գավաթ-2013»-ում մեր ինտելեկտուալների թիմը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հոկտեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել մեր բուհի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «ՀՊՏՀ գավաթ-2013» ինտելեկտուալ մրցույթ փառատոնը: Մրցույթի մասնակից Հայաստանի պետական և ոչ պետական բուհերի թիմերը մրցել են «Ինչ, որտեղ, երբ» խաղում: ՀՊՏՀ-ն խաղին ներկայացել էր երկու` առաջատար «Index Pro» և «3+2» սկսնակ ինտելեկտուալների թիմերով:
Մրցույթ-խաղն ընթացավ 3 փուլով, լարված պայքարով: Վերջում ամփոփվեցին արդյունքները և հրապարակվեցին հաղթող թիմերի անունները. 1-ին, 2-րդ և 3-րդ պատվավոր հորիզոնականները զբաղեցրեցին համապատասխանաբար` Երևանի պետական բժշկական համալսարանի «Medikus» թիմը, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի «Black Star» թիմը, ՀՊՏՀ-ն ներկայացնող «Index Pro» թիմը:
Մասնակիցներին հավաստագրեր հանձնեց ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գրիշա Ամիրխանյանը, 2-րդ տեղի պատվոգիրը և գավաթը հանձնեց «Index Pro» թիմի ավագ Հարություն Արզումանյանը, իսկ 1-ին տեղի հաղթողին գավաթը հանձնեց Հայաստանի գիտակների ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը`ողջունելով նմանատիպ միջոցառումների նախաձեռնումըը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում «Index Pro» գիտակների թիմի ավագ Հարություն Արզումանյանը նշեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս, իրենց ինտելեկտուալ ունակություններով աչքի ընկան մրցանակակիր 3 բուհերի թիմերը:
Ինչ վերաբերում է ՀՊՏՀ-ի թիմին, Հարությունը նշեց. «Նախորդ տարիների համեմատ` այս տարի թիմում կազմի փոփոխություն է եղել: Հիմնական թիմի անդամներից շատերը ավարտել են բուհը և այժմ կազմում չեն, ինչը, բնականաբար, ազդեցություն է ունեցել թիմի վրա: «Index Pro»ի հիմնական անդամներից 3-ն են մնացել թիմում, եղել է նոր համալրում, ուստի թիմի խաղացողների մոտ փոքր-ինչ պակասում էր փորձը, այդ բացը առաջիկայում մենք կլրացնենք պարապմունքներ, ինտելեկտուալ խաղեր կազմակերպելու միջոցով: Ընդհանուր առմամբ, բոլոր մրցանակակիր թիմերն էլ լավ խաղացին»:
Շնորհավորում ենք բոլոր հաղթող թիմերին, մեր թիմին մաղթում ենք նորանոր հաջողություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին