Դեպի ուսանողակենտրոն ուսուցում. ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը առաջարկեց բուհում ներդնել «Moodle» ծրագիրը

Դիտումների քանակ՝ 1131

ՀՊՏՀ միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում այսօր տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն էր ներկայացնել «Moodle»  ուսումնական  ծրագիրը, և այն մեր բուհում ներդնելու հարցը: Հանդիպմանը մասնակցում էին ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորներ Պարույր Քալանթարյանը, Միհրդատ Հարությունյանը, Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը ու կենտրոնի աշխատակազմը, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը,  ֆակուլտետների դեկաններ, ՀՊՏՀ այլ աշխատակիցներ:

Կարիերայի և մարքեթինգի տնօրեն Կարեն Բաբաջանյանը, ողջունելով ներկաներին, խոսեց ծրագրի կարևորության և արդյունավետության մասին: Նրա տեղեկացմամբ`սա մի ծրագիր է, որը հնարավորություն է տալիս նպաստել ստեղծագործ ուսանողի ձևավորմանը, նաև` ուսումնական գործընթացի վրա ծախսվող ժամանակի օպտիմալ օգտագործմանը և´ դասախոսի, և´ ուսանողի համար: Ուսանողը, նախքան դասի գալը, ծրագրի միջոցով արդեն տեղյակ է լինում  դասախոսության թեմային, և դասախոսն այլևս ստիպված չի լինում լսարանում ժամանակ ծախսել դասախոսություն թելադրելու վրա: Դասի թեմային  տեղյակ ուսանողը դասախոսի հետ քննարկում է այն, դասախոսի և ուսանողի միջև այսպես ասած`բանավեճ  է ծագում, երկուստեք ստեղծվում է ինտերակտիվ շփում.սա առաջարկվող ծրագրի հիմնական առավելությունն է, որը նպաստում է ուսանողի ստեղծագործ մտածողությանը, մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչի բացակայությունից, Կարեն Բաբաջանյանի փոխանցմամբ,  դժգոհում են գործատուները: Ի դեպ, «Moodle» ծրագիրն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 73 մլն օգտատեր, Հայաստանում ևս, դրանից օգտվում են մի շարք ուսումնական հաստատություններ:

Ծրագիրը ներդնելու համար պահանջվում է համապատասխան տեխնիկական վերազինում (թվային գրատախտակներ, հատուկ նստարաններ և այլն), ինչը ևս   քննարկվեց  հանդիպման մասնակիցների, մասնավորապես` բուհի ղեկավարության կողմից:

Կարիերայի և մարքեթինգի կենտրոնի առաջատար մասնագետ Կարինե Պողոսյանը մասնակիցներին ներկայացրեց  ուսումնական ծրագրի տեխնիկական մասը`թե ինչպես պետք է դասախոսներն ու ուսանողները ներգրավվեն ծրագրում և աշխատեն դրանով:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Կարեն Բաբաջանյանը խոսեց ուսումնական գործընթացի  կազմակերպմանը նպաստող այս ծրագրի հիմնական առավելության մասին` ի տարբերություն ուսուցման «ավանդական» եղանակի: «Գլխավոր առավելություններից են`  որ ուսանողը ոչ թե քննությունից մի քանի օր առաջ է սերտում քննական նյութերը, այլ ընթացքում`ամենօրյա աշխատանքի շնորհիվ` գտնվելով ինտերակտիվ շփման մեջ դասախոսի հետ, վերանում է դասախոսություն թելադրելու մեթոդը և լսարանում ձևավորվում է ստեղծագործ, մտածող ուսանողի տեսակը»,-ամփոփեց Կարեն Բաբաջանյանը:

Հանդիպման վերջում մասնակիցները հանդես եկան իրենց հարցադրումներով և քննարկվեցին ծրագրի ներդրման հետ կապված մի շարք խնդիրներ:

Եզրափակելով քննարկումը`ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ ծրագիրը բավականին հետաքրքիր է, դրա ներդրման հետ կապված կքննարկվեն բոլոր հարցերը և անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն` գործընթացն իրականացնելու համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին