Մեր երկրի տնտեսական աճի որակը` ՀՊՏՀ ամբիոնային հետազոտության թեմա

Դիտումների քանակ՝ 894

ՀՊՏՀ ներքին գիտական դրամաշնորհների 3-րդ միջանկյալ հաշվետվությունների  այսօր կայացած հերթական շնորհանդեսում ներկայացվեց «Տնտեսական աճի որակը ՀՀ-ում» թեման: Շնորհանդեսին մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, դասախոսներ, ուսանողներ:

Գագիկ Վարդանյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ ՀՊՏՀ-ում ներքին գիտական դրամաշնորհների ձեռնարկը մեծ հաջողություն ունեցավ:

«Գիտական սեմինարներից պարզվեց, որ ստացվել են հետազոտության հետաքրքիր արդյունքներ: Հետազոտությունները նպատակ ունեն առաջին հերթին բուհում ակտիվացնել գիտական գործունեությունը: Լավագույն  արդյունքները կներկայացվեն նաև մեր երկրի քաղաքականություն մշակողներին»,-ասաց պրոռեկտորը:

Ամբիոնային հետազոտության ղեկավար, տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր   Հովսեփ Աղաջանյանը ներկայացրեց թեման, ընդգծեց դրա կարևորությունն ու արդիականությունը և ներկայացրեց  հետազոտության իրականացնողներին՝ տ.գ.թ., դոցենտ Թաթուլ Մկրտչյան, տ.գ.թ., դոցենտ Արսեն Պետրոսյան, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Վարդանյան, ասպիրանտ Հայկ Մինասյան:

Թեմայի ղեկավարը նշեց, որ իրենց գնահատումների արդյունքում ներկայացվել է տնտեսական աճի համաթիվը և հավելեց, որ այդ համաթվի հաշվարկը նորույթ է:

«Տնտեսական աճի որակական բնութագրերը զարգացման համատեքստում»  թեման լուսապատկերի միջոցով ներկայացրեց  Ատոմ Վարդանյանը: Այս համատեքստում մասնավորապես ներկայացվեցին  հիմնախնդրի բնույթը և ընդհանուր շրջանակը, տնտեսական աճի որակի հիմնական բաղադրիչները, տնտեսական աճի որակը զարգացման հայեցակարգի համատեքստում, հասարակության և տնտեսակարգի տիպային հատկանիշները  որպես տնտեսական աճի որակը կանխորոշող գործոն, խոսվեց տնտեսական աճի որակի չափանիշների մասին:

Ներկայացված թեմայի շուրջ ծավալվեց թեժ քննարկում,  հարցադրումներով  հանդես եկան մասնակիցները, նաև` ՀՊՏՀ փ.գ.թ., դոցենտ  Յուրի Հովականյանը, ով իր հարցը դիտարկեց փիլիսոփայական տեսանկյունից:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Հովսեփ Աղաջանյանը նշեց, որ հետազոտության արդյունքները ծավալուն են, թեման  շարունակվելու է հետազոտվել:  «Հետազոտության հիմնական արդյունքն այն է, որ  տրվում են տնտեսական աճի չափողական խնդիրը, տնտեսական աճի և զարգացման փոխհարաբերությունների հիմնախնդիրը, տնտեսության կառուցվածքային փոփոխության ազդեցությունը տնտեսական աճի որակի վրա, տնտեսական աճի և աղքատության հիմնախնդիրը, տնտեսական աճի որակի համաթվի գնահատումը: Արդյունքները պետք է հանգեցնեն տնտեսական աճի որակի գնահատմանը»,-ասաց Աղաջանյանը: 

Նշենք, որ այսօրվա շնորհանդեսում  ներկայացվեց միայն թեմայի մի մասը, մյուս մասը կներկայացվի առաջիկայում, որտեղ հանդես կգան հաջորդ զեկուցողները:






ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին